Ռուսական С-300 համակարգերի առաքումն Իրան կարող է սկսվել հունվարին

Ռուսական С-300 համակարգերի առաքումն Իրան կարող է սկսվել հունվարին

PanARMENIAN.Net - ՀՕՊ սպառազինության С-300 համակարգերի առաջին համալիրի առաքումն Իրան կարող է սկսվել հունվարին և ավարտվել փետրվարին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում սեփական աղբյուրի վրա հղումով: Երկրորդ համալիրը Թեհրանը կստանա 2016-ի օգոստոս-հունվարին: Պայմանագրով նախատեսվում է իրանցի 80 մասնագետի քառամսյա ուսուցում Մոժայսկու անվան ռազմատիեզերական ակադեմիայում:

Այդ տեղեկություններն անուղղակի կերպով հաստատել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, որը հայտարարել է, թե Իրանը հետ է կանչել դատական հայցը` կապված ՌԴ կողմից С-300 համակարգերի առաքումից հրաժարվելու հետ: Ավելի վաղ այդ մասին ասել էր նաև փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:

Ապրիլի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց, որով հանվեց Իրանին С-300 ԶՀՀ-ների մատակարարման արգելքը:«Հրամանագիրը հանում է ՌԴ տարածքով դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն С-300 ԶՀՀ-ների տարանցման (այդ թվում նաև օդային տրանսպորտով), ինչպես նաև առաքման արգելքը»,-ասվում է փաստաթղթում: Փաստաթղթով փոփոխություններ են կատարվում 2010 թ. սեպտեմբերի 22-ի հրամանագրում «ՄԱԿ ԱԽ 2010 թ. հունիսի 9-ի թիվ 1929 բանաձևի կատարման միջոցների մասին», հանելով С-300 ԶՀՀ-ներին վերաբերող ենթակետը:

Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամհանն իր հերթին հայտարարել էր, որ Իրանը կհրաժարվի Ռուսաստանին ներկայացրած հայցից, հենց որ համակարգերը տեղում լինեն:

С-300 ԶՀՀ-ների մատակարարման 2007 թ. ռուս-իրանական պայմանագրի իրականացումը կասեցվեց ՄԱԿ կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով 2010-ի սեպտեմբերին: Ավելի ուշ Թեհրանը վիճարկեց այդ որոշումը դատարանով: ՌԴ ՊՆ ղեկավար Շոյգուի հունվարին Իրան կատարած այցի արդյունքում ԱՄՆ պետդեպարտամենտում հերթական անգամ հայտարարեցին, որ ռուսական С-300 ԶՀՀ համակարգերի առաքումն Իրան անընդունելի է:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---