28 դեկտեմբերի 2015 - 14:33 AMT
Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին կաշառք առաջարկած անձը կալանավորվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ քաղաքացի Զավեն Միրիջանյանը, ընդգրկված լինելով 2015-ի դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը կազմակերպող թիվ 9 ընտրատարածքի 2-րդ տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում, նույն հանձնաժողովի անդամ Վարդան Հարությունյանին նյութապես շահագրգռելով` խոչընդոտել է ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը:

Մասնավորապես՝ թիվ 9/2 ընտրական տեղամասի անդամ Զավեն Միրիջանյանը 2015-ի նոյեմբերի 25-ին, ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, հանդիպել է նույն հանձնաժողովի անդամ Վ. Հարությունյանին և նյութապես շահագրգռելով պահանջել է ձեռք բերել և իրեն տրամադրել վստահված անձանց տրվող, չլրացված երկու վկայականներ, իսկ հանրաքվեի օրը՝ իր ասած ժամին որոշակի ժամանակով լքել քվեարկության սենյակը:

ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը նյութապես շահագրգռելով խոչընդոտելու համար Զավեն Միրիջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը՝ նյութապես շահագրգռելով), և վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Այսպիսով՝ ՀՀ քննչական կոմիտեի քննչական ստորաբաժանումների վարույթում դեկտեմբերի 18-ի դրությամբ քննվում է 26 քրեական գործ՝ տարբեր ընտրատեղամասերում այլ անձի փոխարեն քվերակելու դեպքերի վերաբերյալ։

ՀՀ քննչական կոմիտեում հարուցված ևս 8 քրեական գործ (5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով) ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն։