Թուրքիայում սպանվել է ԻՊ հանցագործությունների մասին ֆիլմ նկարահանող լրագրողը

Թուրքիայում սպանվել է ԻՊ հանցագործությունների մասին ֆիլմ նկարահանող լրագրողը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 27-ին Թուրքիայում սպանվել է Սիրիացի ընդդիմադիր լրագրող և վավերագրող Նաջի ալ Ջերֆը: Սպանությունը տեղի է ունեցել Գազիանտեպ քաղաքում` Սիրիայի սահմանից ոչ հեռու:

Այդ տեղեկությունը Twitter-ում հաստատել է Raqa Is Being Slaughtered Silently («Ռաքքան անաղմուկ սպանվում է») իրավապաշտպան խումբը, որի հետ համագործակցել է Ալ Ջերֆը:

Լրագրողն աշխատում էր «Իսլամական պետության» հանցագործությունների մասին պատմող փաստագրական ֆիլմի վրա: Նա արդեն մի քանի ֆիլմ ուներ նկարահանած սիրիական պատերազմի մասին: Ալ Ջերֆը նաև Hentah թերթի գլխավոր խմբագիրն էր:

Սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայում սիրիացի ընդդիմադիրներ են սպանվում: Հոկտեմբերին ԻՊ դեմ հանդես եկող 2 ակտիվիստ սպանվեց թուրքական Շանլիուրֆայում, որը նույնպես Սիրիային մոտ է գտնվում, հայտնում է Lenta.ru-ն: Դեկտեմբերի 18-ին ԻՊ ղեկավարներն արգելեցին իրենց մարտիկներին հեռուստացույց դիտել` զերծ պահելու համար նրանց արտերկրի հեռուստաալիքների տեղեկատվությունից: Նրանց արգելվել է նաև վերանորոգել, վաճառել կամ գնել հեռուստացույց:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---