2015-ին ՀՀ ԶՈւ սպաները 330 բնակարան են ստացել

2015-ին ՀՀ ԶՈւ սպաները 330 բնակարան են ստացել

PanARMENIAN.Net - 2015-ի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարությունը շահագործման է հանձնել 8 բնակելի շենք՝ ընդհանուր 330 բնակարանով, ինչպես նաև շտաբային, զորանոցային շենքեր և այլ շինություններ: Տարին ամփոփելով՝ այս մասին ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է առաջիկա անելիքներին, ապա նախատեսվում է 2016-ին նոր բնակելի շենքեր կառուցել Երևանում, Գյումրիում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Ագարակում, Իջևանում, Մեհրաբում և Շահումյանում: Եվ բացի այդ, մեկական շենք էլ կվերակառուցվի ու կվերանորոգվի Կապանում և Վանաձորում:

Ներկայում այդ ուղղությամբ ուսումնասիրություններ են կատարվում, փաստաթղթեր են մշակվում: Իսկ բնակարաններն արդեն պատրաստ կլինեն 2017-ին: Այդ տարի պաշտպանության նախարարությունը նախատեսում է ՀՀ ԶՈւ սպաներին հանձնել 393 բնակարան, որից 83-ը՝ Երևանում, «Հայ Զինվոր» թերթին հղումով գրում է Razm.info-ը:

Պաշտոնյայի խոսքով՝ այս տարվա ընթացքում, բացի բնակելի շենքերից, կառուցվել է նաև 2 շտաբ-զորանոց, 2 զորանոց, 3 վարչական շենք, վերակառուցվել և վերանորոգվել են բազմաթիվ այլ շինություններ:

Պաշտոնյան նշել է նաև, որ ներկայում արևային էներգիայով աշխատող ջրի տաքացուցիչ համակարգեր են տեղադրել հյուսիսային սահմանամերձ զորամասերից մեկում և «Էրեբունի» օդանավակայանում կառուցված նոր ճաշարանում: Պատճառն այն է, որ արևային էներգիա ստանալու սարքավորումների, դրանց սպասարկման, շահագործման, մոնտաժային աշխատանքների իրականացման համար նախատեսված ծախսը մեկ ու կես տարվա ընթացքում փոխհատուցվում է: Եվ եթե հաջողվի ավարտել մնացած տեղերում նման համակարգերի ներդրումը, ապա ըստ Աշոտ Գրիգորյանի՝ պաշտպանության նախարարությունը տարեկան 300 մլն դրամ կտնտեսի:

2015-ի սկզբից բնակարաններ են տրամադրվել նաև ՀՀ ՊՆ ՀՕՊ զորամասերից մեկի և 5-րդ ԲԿ զորամասերից մեկի զինծառայողներին, ինչպես նաև Ագարակում ծառայող ՀՀ ԶՈւ զինծառայողներին:

Եվս 176 բնակարան նոյեմբերին Ստեփանակերտում ՊԲ սպաներին է հանձնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Տարեվերջին՝ դեկտեմբերի 26-ին էլ ՀՀ ԶՈւ սպաների համար նախատեսված ևս մեկ բնակելի շենք շահագործման է հանձնվել Վանաձորում:

Իսկ Արցախի Ճարտար քաղաքի Նոր Ճարտար թաղամասում էլ ներկայում կառուցվում է երկու բազմաբնակարան շենք, որի 14 հատ երկու սենյականոց և 10 հատ երեք սենյականոց բնակարանները նույնպես տրամադրվելու են Պաշտպանության բանակի սպաներին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---