ԱԳ փոխնախարար. ՀԱՊԿ-ը պետք է արձագանքեր Ղարաբաղում հայկական ուղղաթիռի կործանմանը

ԱԳ փոխնախարար. ՀԱՊԿ-ը պետք է արձագանքեր Ղարաբաղում հայկական ուղղաթիռի կործանմանը

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ը պետք է արձագանքեր մեկ տարի առաջ Ղարաբաղում հայկական ուղղաթիռի կործանմանը այնպես, ինչպես արձագանքեց թուրքական ուժերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը: Այդ մասին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանին:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Անձնակազմի հրամանատարան էր մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու անդամներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

Քոչարյանը, որը նախագահ Սարգսյանի հետ մեկ շաբաթ առաջ ներկա էր Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովին, ընդգծեց՝ եթե դաշինքի անդամ երկրները ցանկանում են ունենալ ազդեցիկ և ոչ թե ձևական կառույց, ուրեմն պետք է առաջնորդվեն կազմակերպության պայմանագրով:

«Խոցվեց Ռուսաստանի ինքնաթիռը։ Բնական է, եթե դու ունես ռազմաքաղաքական կառույց, պետք է որոշակի արձագանք լինի։ Ի դեպ, այս անգամ այդ արձագանքը եղավ, բայց հիշում եք, որ ես ասում էի՝ շատ հարցերում այսօր Թուրքիան է ընդօրինակում Ադրբեջանին։ Իսկ չկա՞ արդյոք այդ նմանությունը, երբ որ Ադրբեջանը խոցեց հայկական ուղղաթիռը, ու ըստ էության, արձագանք չեղավ կոնկրետ ՀԱՊԿ-ի կողմից: Չնայած մենք իրենցից որևէ աջակցություն չենք խնդրել, մենք դրա խնդիրը չունենք Ադրբեջանին պատժելու համար, բայց որպես կառույց իր վերաբերմունքը պետք է արտահայտեր»,- ասել Քոչարյանը։

«Տեսեք՝ զուգահեռը ակնհայտ է, և նախագահի ելույթը նաև պայմանավորված է այդ հանգամանքով։ Եթե մենք ցանկանում ենք իրոք ունենալ ազդեցիկ ռազմաքաղաքական կառույց, այլ ոչ թե ձևական, ուրեմն կան հարցեր, որտեղ պետք է առաջնորդվել հենց պայմանագրով։ Իսկ ՀԱՊԿ պայմանագրում կան կետեր, որոնք միանշանակ պահանջում են նման իրավիճակներում համապատասխան արձագանք։ Տեսեք՝ նախագահի ելույթի մի մասը ՀԱՊԿ-ի նիստի ժամանակ էր, իսկ այն, ինչ որ նա արտասանեց լրագրողների առջև, դա համաձայնեցված դիրքորոշում էր։ Այսինքն, այն քննադատականը, որը հնչեց Թուրքիայի նկատմամբ՝ կապված այդ քայլի հետ, դա գնահատական էր բոլոր երկրների»,- հավելել է Հայաստանի փոխարտգործնախարարը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի ներսում հակասությունների մասին լուրերին`Քոչարյանն ասել է. «Եկեք հասկանանք, առաջինը՝ ՀԱՊԿ-ի երկու անդամներ՝ Ղազախստանն ու Ղրղըզստանը Թուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ են, որտեղ ունեն իրենց շահերը՝ ընդհանուր շահերը։ Մյուս կողմից իրենք Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ-ի անդամ են։ Այստեղ արդեն խնդիր կա, որ պետությունը, լինելով միաժամանակ տարբեր կազմակերպություններում, ամեն դեպքում պետք է կատարի այն պարտավորությունները, որ ունի կոնկրետ տվյալ պարագայում ՀԱՊԿ-ում կամ ԵՏՄ-ում։ Այսինքն, մի կողմից մենք պետք է հասկանանք, որ ամեն մի պետություն ելնում է իր շահերից, բայց մյուս կողմից շատ բնական է պահանջը, որ լինելով որևէ կառույցի անդամ, դու պետք է կատարես այն պարտավորությունները, որ ունես այդ կառույցում։ Իսկ որ հակասություն կարող է լինել, իհարկե, էդ ո՞ր երկրում չկան։ Ինչի ՆԱՏՕ-ում Հունաստանն ու Թուրքիան չունե՞ն հակասություններ։ Իհարկե՛, ունեն։ Բայց մյուս կողմից նույն կազմակերպության անդամ են և պարտավոր են առաջնորդվել այդ կազմակերպության կանոնադրությամբ»։

Շավարշ Քոչարյանը հերքել է լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, թե ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ դեմ են եղել, որ Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցնի դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնը։

«Այդպիսի բան գոյություն չունի։ Խնդիրը հետևյալն է, որ առայսօր հիմնարար փաստաթղթերով կանոնակարգված չէր գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Ընդամենը գրված էր, որ պետք է լինի ՀԱՊԿ անդամ պետությունների քաղաքացի։ Հիմա մտադրությունը նա է, և արդեն համապատասխան որոշում նախորդ նիստում կայացվել է, որ պետք է լինի ռոտացիոն, ռուսական այբուբենի համաձայն, և բնական է, որ առաջինը լինելու է Հայաստանը»,- ասել նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---