Տեսաերիզի շնորհանդես Իտալիայի Պեսկարայում՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Տեսաերիզի շնորհանդես Իտալիայի Պեսկարայում՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 28-ին Իտալիայի Պեսկարա քաղաքում կայացել է Իտալիայում լայն ճանաչում վայելող երաժիշտ և ռեժիսոր Ռոբերտո Պաչի Դալոյի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «1915. The Armenian Files» ստեղծագործության տեսաերիզի շնորհանդեսը:

Տեսաերիզի թողարկմանը և դրա հետ կապված ստեղծագործական ուսումնասիրություններին իր աջակցությունն էր բերել Իտալիայում Հայաստանի դեսպանությունը՝ «Giardini Pensili» և «Arthub» ընկերությունների հետ գործակցությամբ: Շնորհանդեսը՝ դեսպանության հովանավորությամբ, կազմակերպել էր «ARCI» իտալական մշակութային ձախակողմյան ասոցիացիան:

«1915. The Armenian Files» ստեղծագործության տեքստի հիմնական մասը Դանիել Վարուժանի բանաստեղծություններից են, որոնք ընթերցում է արքեպիսկոպոս Լևոն Պօղոս Զեքիեանը: Պատկերներն ու տեսարաններն ուղեկցվում են էլեկտրոնային ռիթմերով, ձայնային սյուժեներով ու վոկալով:

Ստեղծագործությունը և տեսաերիզը ներկայացրեցին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի մասին խոսեցին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը և ստեղծագործության հեղինակ Ռոբերտո Պաչի Դալոն: Միջոցառմանը ներկա էին իտալացի քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ, զանգվածային լրատվամիջոցների, իտալահայ համայնքի ներկայացուցիչներ:

Ռոբերտո Պաչի Դալոն 2015թ. արժանացել է Իտալիայում մեծ հեղինակություն վայելող «Նեապոլի՝ իտալական մշակույթի և լեզվի» մրցանակին:

Իտալիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 200-ին:

2015-ի հոկտեմբերի 27-ին Իտալիայի Աբրուցո նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նահանգային խորհրդի կողմից միաձայն ընդունված բանաձևում համերաշխություն է հայտնվում հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ և պատմական ճշմարտության ճանաչման ու մարդու իրավուքների պաշտպանության համար նրա պայքարին:

Աբրուցոյի նահանգային խորհուրդը Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 99-րդ խորհուրդն է: 2015-ի հոկտեմբերի 13-ին հայտնի է դարձել, որ Իտալիայի Մարկեի նահանգային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Բանաձևը զորակցություն է հայտնում հայ ժողովրդին Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

Իտալիայի Պիեմոնտե նահանգի Իվրեայի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2015-ի հոկտեմբերի 12-ին կայացած նիստում:

2015-ի հոկտեմբերի 22-ին Իտալիայի Ռավենա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

2012-ի ապրիլի 17-ին Իտալիայի Սկաֆատի քաղաքի խորհուրդը (ջունտան) միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում՝ «հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն հայ նահատակների հիշատակին և զորակցություն հայտնելով հայ ժողովրդին»:

2012-ին Իտալական Ռիետի քաղաքի (Ռիետի նահանգ, Լացիո շրջան) քաղաքային խորհուրդը, որտեղ մոտ 48 հազար մարդ է բնակվում, ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:

2012-ին Իտալիայի հարավում գտնվող Բարի քաղաքի իշխանությունները ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---