5 հունվարի 2016 - 12:03 AMT
ՀՀ-ում փակ ճանապարհներ կան, տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Սոթք-Քարվաճառ, Ուրասար-Կաթնաղբյուր, Տաշիր-Պրիվոլնոյե, Տաշիր-Բլագոդարնոյե-Կաթնառատ, Ձիթանկով-Քարաբերդ, Գորիս-Սիսիան, Քաջարան-Մեղրի, Բերդ-Ճամբարակ, Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Գյումրի-Լանջիկ, Մեղրի-Կապան, Գորիս-Կապան ավտոճանապարհները, Տիգրանաշենի, Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները:

Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Գեղարքունիքի մարզում առկա է բուք:

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, բաց՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառաման դեպքում:

Եղանակային անբարենպաստ պայմանները դժվարություններ են առաջացրել` հատկապես մարզեր շտապբուժօգնության մեքենաների հասանելիության առումով։

Մարզաբնակ մեր համերկրացիներին ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բժշկական օգնության համար դիմել տեղի բժշկական կենտրոններ, քանի որ դժվարանցանելի ճանապարհների պատճառով շտապօգնության մեքենաները չեն կարողանում հասնել կանչի: