5 հունվարի 2016 - 13:50 AMT
ԶԼՄ. Մխիթարյանի գործակալը հանդիպել է «Յուվենտուս»-ի ներկայացուցիչների հետ

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով լրջորեն հետաքրքրվում է «Յուվենտուսը»:

ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, թե Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հանդիպել է թուրինյան ակումբի ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մխիթարյանի տեղափոխվելու հնարավորությունները, Sky Sport Italia-ին հղումով գրում է Aravot.am-ը:

Միաժամանակ, Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն մամուլի ներկայացուցիչներին վստահեցրել է, որ ակումբը ցանկանում է թիմում պահել երեք ֆուտբոլիստի՝ Հենրիխ Մխիթարյանին, Մատս Հումելսին և Իլկայ Գյունդողանին:

«Մենք ցանկանում ենք նրանց թիմում պահել հնարավորին չափ երկար ժամանակ: «Բորուսիան» միանգամայն ի վիճակի է նրանց ֆինանսական շահավետ պայմաններ առաջարկել: Դրա համար մենք այլ ակումբներից զգուշանալու իմաստ չենք տեսնում», - ասել է նա, գրում է Bild-ը:

Դեկտեմբերի 23-ին հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հետաքրքրվում է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:

Դեկտեմբերի 21-ին Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը տեղեկացրել է ներկայումս ակումբի համար առաջնային նպատակը Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի ժամկետի երկարաձգումն է:

Նոր պայմանագրով Մխիթարյանի աշխատավարձը տարեկան 5,5 միլիոն եվրոյից կարող է դառնալ 7,5 միլիոն եվրո:

Մխիթարյանը հանդես է գալիս «Բորուսիայի» կազմում 2013 թվականի օգոստոսից: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվել է գերմանական ակումբ ուկրաինական «Շախտյորից» 27.5 մլն եվրոյով՝ դառնալով «Բորուսիայի» պատմության ամենաթանկ ձեռքբերումը: