6 հունվարի 2016 - 11:39 AMT
Մերկելը պահանջել է «խիստ արձագանքել» Քյոլնում կանանց վրա հարձակումներին

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը «խիստ արձագանք» է պահանջել Քյոլնում կանանց վրա հարձակումներին, որոնք տեղի են ունեցել քաղաքի կայարանամերձ հրապարակում Ամանորի գիշերը: «Արաբական և հյուսիսաֆրիկյան արտաքինով» տղամարդկանց խմբերի ագրեսիվ վարքագծի մասին արդեն հայտարարել է 90 կին, հայտնում է Deutsche Welle-ն: Տուժածները պնդում են, որ տղամարդիկ հարձակվել են նրանց վրա, սպառնացել, թալանել, ինչպես նաև սեռական ոտնձգությունների են դիմել ագրեսիվ ձևով: Կանանցից մեկը հայտարարել է, որ իրեն բռնաբարել են:

Քյոլնի օեբր-բուրգոմիստր Հենրիետա Ռեքերից Մերկելը պահանջել է օգտագործել բոլոր առկա միջոցները գտնելու համար հանցագործներին անկախ նրանց ծագումից: Կանցլերն իր վրդովմունքն է հայտնել «զազրելի հարձակումներով և սեռական ոտնձգություններով»՝ պահանջելով «իրավական պետության խիստ արձագանքը»:

Ըստ ԶԼՄ-ների Ամանորի գիշերը հրապարակում, որտեղ նշում էին տոնը, հերթապահել է մոտ 200 ոստիկան: Նրանք մի քանի ձերբակալություն են իրականացրել, մի քանիսը փախստականների փաստաթղթեր են ունեցել:

Ամանորի իր ուղերձում Մերկելը կոչ էր արել նոր հնարավորություններ տեսնել երկրի համար ի դեմս փախստականների ներհոսքի: Նա զգուշացրել էր նաև այն ուժերին սատարելուց, որոնք խտրականության կոչեր են անում: «Ես վստահ եմ, որ մենք կլուծենք այդ բարդ խնդիրը, կապված այդքան մեծաքանակ մարդկանց ներհոսքի հետ, և վաղը նոր հնարավորություններ կբացվեն», ասել է նա, հայտնում է ՌԲԿ-ն:

Մերձավոր Արևելքից փախստականների աննախադեպ ներհոսքը մեծ խնդիր դարձավ Եվրոպայի համար 2015-ին: Եվրամիության ղեկավարությունը ստիպված էր քվոտաներ սահմանել՝ առավելագույնը սահմանվեց Գերմանիայի համար՝ 40 հազար մարդ: