13 դեկտեմբերի 2006 - 15:13 AMT
ԵԱՀԿ ղեկավարի հայտարարությունը հարգանքի բացակայության դրսեւորում է ԼՂՀ համար պատմական իրադարձության հանդեպ
ԵԱՀԿ Գործող նախագահ Կարել դե Գուխտի հայտարարությունը հարգանքի բացակայության բացահայտ դրսեւորում է ԼՂՀ համար պատմական իրադարձության` համաժողովրդական սահմանադրական հանրաքվեի հանդեպ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, նման վերաբերմունքը կարող է միայն խաթարել վստահությունը ԵԱՀԿ եւ Մինսկի խմբի հանդեպ: «Լավագույնը, ինչ կարող էին անել այդ պարոնները, ինչպես, իդեպ, նաեւ «մեկնաբանները» Եվրոպայի Խորհրդից, դա լռելն էր: Մենք ստիպված ենք հայտարարել, որ նման մեկնաբանությունները բոլորովին չեն նպաստում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը: ԼՂՀ քաղաքացիներն արել են իրենց ընտրությունն ի օգուտ ազատության եւ անկախության` ինչպես 15 տարի առաջ, այնպես էլ անցած հանրաքվեի արդյունքում: Ընտրություն, որը չի զգում այն բանի կարիքը, որ ճանաչվի այս կամ այն եվրոպացի պաշտոնյաի կողմից»,-ընդգծել է Վիկտոր Սողոմոնյանը: