6 հունվարի 2016 - 17:12 AMT
Ամանորին Վրաստան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը Հայաստանից է եղել

Ամանորին Վրաստան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը Հայաստանից է եղել: Ինչպես հայտնել է Sputnik-Գրուզիան, այդ մասին հայտնել է Վրաստանի հյուրանոցների և ռեստորանների ֆեդերացիայի հիմնադիր Շալվա Ալավերդաշվիլին:

«Ամանորի բոլոր օրերին Թբիլիսին լի էր զբոսաշրջիկներով, որոնց հիմնական մասը ժամանել էր Հայաստանից: Հայաստանում մինչև հունվարի 7-ը հանգստյան օրեր են, ուստի, շատերը որոշել են Թբիլիսիում դիմավորել Նոր տարին: Դա շատ լավ է մեզ համար»,-ասել է Ալավերդաշվիլին:

2015-ին Վրաստան է այցելել մոտ 5,9 մլն մարդ՝ ներառյալ սահմանի տարանցիկ հատումը, ինչը 6,9% ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Այցելուների հիմնական մասը Վրաստանի հարևան երկրներից է: Առաջին տեղում Հայաստանն է՝ 1,467 մլն մարդ է այցելել Վրաստան 2015-ին՝ աճը 11%: Երկրորդ տեղում Ադրբեջանն է՝ 1,392 մլն այցելու՝ աճը 9%: Երրորդը՝ Թուրքիան է՝ 1,391 մլն ցուցանիշով՝ աճը 4%: Առաջին տասնյակում են նաև ՌԴ-ն, Ուկրաինան, Լեհաստանը, Ղազախստանը, Գերմանիան ու ԱՄՆ-ն:

2015-ի հունվար-օգոստոսին Վրաստան մուտք գործած և 24 ժամից ավելի երկրում անցկացրած անձանց թիվը 2014-ի համեմատ նվազել է 0,7% և կազմում է 1,57 մլն: Նրանցից ամռան ամիսներին երկիր է մուտք գործել 916 հազար մարդ՝ աճը՝ 2.4%), տարանցիկ նպատակով այցելուների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է գրեթե 10 տոկոսով: