Ուզբեկստանում ծայրահեղական խմբավորումների հետ կապ ունենալու մեջ մեղադրվող հայի դատավարությունը մեկնարկել է

Ուզբեկստանում ծայրահեղական խմբավորումների հետ կապ ունենալու մեջ մեղադրվող հայի դատավարությունը մեկնարկել է

PanARMENIAN.Net - Հունվարի 6-ին Ուզբեկստանի Դիզակի շրջանային դատարանը, հարազատների համար անսպասելիորեն, սկսել է հայազգի Արամայիս Ավագյանի և նրա ուզբեկստանցի ընկերների դատավարությունը:

Ձկնաբուծական բիզնես նախաձեռնած 33-ամյա Արամայիս Ավագյանը խնդիրներ էր ունեցել Դիզակի համայնքապետի հետ: Նա, ըստ հայազգի երիտասարդի ընտանիքի, հրաժարվել էր համայնքապետին հանձնել ձկներով լի ձկնաբուծարանը, տևական վեճերից հետո նրան առևանգել էին անցած տարվա սեպտեմբերի 4-ին:

Ավելի ուշ հարազատներն իմացել են, որ Ավագյանին Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայությունը մեղադրում է իսմալիստական ծայրահեղական խմբավորումների հետ կապ ունենալու մեջ, նրան առաջադրվել են «կրոնական ծայրահեղականության, անջատողականության, արմատականություն սերմանող խմբավորում հիմնադրելու, ղեկավարելու», «սահմանադրական կարգը տապալելու», «գողության» մեղադրանքներ:

«Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայության փոխանցմամբ, հունվարի 6-ին հայտնի է դարձել նաև, որ մեղադրանքների շարքը համալրվել է տարիներ առաջ «ծեծկռտուքի մասնակցելու»՝ դատախազական պնդումներով:

Ավագյանի մայրը՝ Ֆլորա Սաքունցը հայտնել է, որ դատարանի դահլիճում որդուն տեսել է գունատ, նիհարած, հյուծված, ոտքը կոտրված․ - «Ինքը շատ նիհար էր, սպիտակել ա, չի կարողանում ոտի վրա կանգնի՝ ոտը ջարդել են», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը:

Մայրն ասում է, որ ծանր մեղադրանքների կապակցությամբ ինքնախոստովանական ցուցմունքների պարտադրանքով որդուն մեկուսարանում ծեծել են:

Նախնական դատական նիստն ավարտվել է մեկնարկից մոտ 40 րոպե անց: Դատարանը ճշտել է մեղադրյալի աթոռին հայտնված հինգ անձանց ինքնությունը և դատաքննությունը նշանակել հունվարի 11-ին:

Ֆլորա Սաքունցի փոխանցմամբ՝ դատական նիստի ավարտին, երբ փորձել են խոսել Արամայիսի հետ, դատական կարգադրիչներն ու ոստիկաններն ամեն գնով շփումը կասեցնելու փորձերից հետո, սպառնացել են վարժեցրած շանը դատարանի բակում ազատ արձակել ամբաստանյալների հարազատների ուղղությամբ:

«Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայությունը հաղորդում է, որ իրավապահ մարմինները շարունակում են ճնշումները նաև Արամայիսի ուզբեկ կնոջ նկատմամբ: Անգամ վերջինիս հայրը Ուզբեկստանում ընդունված հանրային հավաքներից մեկի ժամանակ հրաժարվել է աղջկանից՝ ասելով, թե նա այլևս իր դուստրը չէ:

Այս տեղեկությունը հաստատել է նաև Արամայիսի մայրը:

36 տարի առաջ Հայաստանից հեռացած Ֆլորա Սաքունցն ասում է, որ պատրաստ է վերադառնալ հայրենիք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---