13 դեկտեմբերի 2006 - 17:53 AMT
ԼՂՀ ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնում Ադրբեջանի ԶԼՄ-ներին
ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունը երախտագիտություն է հայտնում Ադրբեջանի ԶԼՄ-ներին` դեկտեմբերի 13-ին ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան առջեւ նախատեսված Մոսկվայի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների բողոքի ցույցի մասին ժամանակին տեղեկացնելու համար: «Ձեր տեղեկատվության համաձայն բողոքն ուղղված է անկախության մասին անօրինական հանրաքվեի դեմ»,-հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է.
«Մենք զարմացած ենք, որ բողոքն անցկացվում է Հայաստանի դեսպանատան առջեւ, եւ այդ առթիվ ուզում ենք հիշեցնել, որ ԼՂՀ-ն Հայաստանի մասը չէ, այլ ինքնիշխան պետություն է: Մենք ողջունում ենք ցանկացած հրապարակային միջոցառում, որոնց անցկացման փաստն ինքնին նշանակում է ԼՂՀ ճանաչում: Մենք զարմացած ենք, որ «անկախության մասին անօրինական հանրաքվեի դեմ» բողոքի ցույցը որոշվել է անցկացնել 15 տարի անց: Արցախի ժողովուրդը իր անկախությունը հռչակել է 1991թ. դեկտեմբերի 10-ին: Ցուցարարներին առաջարկում ենք միջոցներն ու ժամանակը իզուր չվատնելու համար համենայն դեպս միջոցառումն անցկացնել եւ բողոքն արտահայտել թեկուզեւ ԼՂՀ սահմանադրության դեմ, որը Արցախի քաղաքացիների կողմից ընդունվել է դեկտեմբերի 10-ին եւ արդյունքում` ԼՂՀ պետականությունը վերջնական տեսք է ընդունել»,-ասվում է փաստաթղթում, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: