ՄԱԿ-ը հումանիտար օգնություն է ուղարկում պաշարված Մադայա

ՄԱԿ-ը հումանիտար օգնություն է ուղարկում պաշարված Մադայա

PanARMENIAN.Net - ՄԱԿ հումանիտար շարասյունը հունվարի 11-ին գործուղվել է սիրիական Մադայա, որը գրավել են ապստամբներն ու որը պաշարված է կառավարական զորքերի կողմից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Օգնությունը կհասցվի նաև ապստամբների կողմից պաշարված 2 գյուղի բնակիչներին:

Ավելի վաղ Սիրիայի կառավարությունը թույլ էր տվել մարդասիրական օգնություն հասցնել Մադայա:

Մադայան արդեն մի քանի տարի է, ինչ գտնվում է Սիրիայի ազատ բանակի գրոհայինների վերահսկողության տակ: Այն բազմիցս է գնդակոծվել, նրա ենթակառուցվածքներն, ըստ սիրիացի ակտիվիստների, թշվառ վիճակում են գտնվում: Սիրիայի ազատ բանակը միավորում է ապստամբների մի քանի խմբերի, որոնց մի մասը ռազմական աջակցություն է ստանում Արևմուտքից և այլ երկրներից, որոնք դեմ են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:

Մադայան 7 ամիս շարունակ շրջափակված է սիրիական կառավարական զորքերի և «Հեզբոլլահի» մարտիկների կողմից: Վերջին անգամ Մադայա սննդամթերք է հասցվել 2015-ի հոկտեմբերին: Քաղաքի բնակչությունը մոտ 40 հազար է: Քաղաքում սովամահության դեպքեր են գրանցվել, թերսնուցումից տառապում են նաև երեխաները: Սովամահության վտանգը սպառնում է բնակչության կեսին` մոտ 20 հազար մարդու:

Ըստ ՄԱԿ տվյալների Սիրիայի 15 պաշարված շրջաններում, այդ թվում Դեր Զորում, Դարասում, Էլ Ֆուայում և Քեֆրայայում, ինչպես նաև Արևելյան Գուտայում մոտ 400 հազար մարդ է ապրում, որոնք հումանիտար օգնության կարիք ունեն:

Դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում Սիրիայի աջակցության միջազգային խմբի խորհրդաժողովում, որին մասնակցել է 18 երկրի ԱԳ նախարար, համաձայնեցվեց Սիրիայի գծով ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագիծը: Հետո կայացավ ՄԱԿ ԱԽ նիստը, որտեղ միաձայն հաստատվեց Սիրիայում խաղաղ կարգավորման ծրագիրը: Խորհրդաժողովին մասնակցել են նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ինչպես նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Սիրիայի գծով ՄԱկ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան, Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության ներկայացուցիչներ:

ՄԱԿ ԱԽ բանաձևով նախատեսվում է Դամասկոսի և ընդդիմության ներկայացուցիչների միջև բանակցություններ սկսել արդեն հունվարին: Ինչպես հայտարարել է Լավրովը, սիրիական գործընթացի կազմակերպումը կստանձնեն Պան Գի Մունը և ընդդիմությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---