14 դեկտեմբերի 2006 - 16:17 AMT
ԵՄ գագաթնաժողովը չի շրջանցի թուրքական հարցը
Դեկտեմբերի 14-ին Բրյուսելում բացվում է Եվրամիության երկօրյա գագաթնաժողովը: Չնայած, որ Թուրքիա-ԵՄ բանակցությունների հարցով արտգործնախարարները արդեն փոխզիջումը գտել են, այդ հարցի քննարկումը կշարունակվի նաեւ կառավարությունների ղեկավարների մակարդակով:
Մեկնաբանելով Եվրամիության որոշումը` ութ կետերով Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունների դադարեցման վերաբերյալ` ԳԴՀ կացլեր Անգելա Մերկելը հայտարարեց. «Հուսով եմ, որ թուրքական կողմը կհասկանա. խոսքը չի գնում Թուրքիայի համար Եվրամիություն մտնելու պայմանների խստացման մասին: Պարզապես մենք տեղեկացնում ենք. եթե չի կայացել այն, ինչ պետք է տեղի ունենար, ապա դա հետեւանքների կհանգեցնի»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ղեկավարությունը այդպես էլ չկատարեց Բրյուսելի պահանջը` Կիպրոսի Հանրապետության համար նավահանգիտներն ու օդանավակայնները բացելու վերաբերյալ: Այդ քայլը կնշանակեր Անկարայի կողմից այդ պետության անուղղակի ճանաչում: 2007 թվականին Թուրքիայում սպասվող ընտրությունների լույսի ներքո, Էրդողանի կառավարության համար դա հավասար կլիներ քաղաքական մահվան: Ինքը` թուրք վարչապետը, Բրյուսելի որոշումը շատ խիստ է անվանել` չհապատասխանող հարաբերությունների այն մակարդակին, որին անցյալ տարի հասել են Թուրքիան եւ Եվրամիությունը: «Մեզ հետ անարդար են վարվել, չնայած, որ մենք բարի կամք ենք դրսեւորել: «Կիպրոսյան հարցով» տարաձայնությունները կբերեն երկկողմանի հարաբերությունների վատացման: Բայց դրա փոխարեն շահում են հույն կիպրոսցիներն ու Հունաստանը, եւ նրանք հոյակապ օգտվում են դրանից»,- հայտարարել է Էրդողանը:

Չնայած բանակցությունների դադարեցմանը, Անկարան հայտարարել է, որ ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ բարեփոխումների կուրսը կշարունակվի: Եվրամիությունում նման մոտեցումը ողջունում են. չէ որ նույնիսկ երկրները, որոնք Թուրքիայի նկատմամբ խիստ դիրքորոշում ունեն, շահագրգռված չեն Անկարայի եւ Բրյուսելի հեռացման մեջ:

Միեւնույն ժամանակ, Թուրքիայի ԵՄ անդամակցության կոնկրետ ժամանակացույցի մասին Բրյուսելում հրաժարվում են խոսել: Եվրամիությանն սկզբում անհրաժեշտ է «մարսել» Ռումինիայի եւ Բուլղարիայի առաջիկա անդամակցությունը: Բացի այդ, շեմին կանգնած է նաեւ Խորվաթիան: Այն պահից, ինչ Անկարայի հետ բանակցությունները մասնակիորեն սառեցվել են, Զագրեբը դարձել է թիվ մեկ թեկնածուն: Խորվթաին չի թաքցնում, որ պատրաստվում է ԵՄ անդամ դառնալ արդեն 2009 թվականին, գրում է Deutsche Welle-ն: