Մխիթարյանը պատրաստ է քննարկել «Բորուսիա»-ի հետ պայմանագրի երկարաձգումը

Մխիթարյանը պատրաստ է քննարկել «Բորուսիա»-ի հետ պայմանագրի երկարաձգումը

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորության մասին։

«Ամբիցիոզ եմ, ցանկանում եմ հասնել լուրջ արդյունքների։ Ֆուտբոլիստի կարիերան կարճատև է, այդ պատճառով ցանկանում եմ հասնել առավելագույնի։ Ցանկանում եմ տիտղոսներ նվաճել։ «Բորուսիան» լավ մարզիչ ունի, հիանալի խաղաոճ, որը համապատասխանում է ինձ։ Բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք։ Իհարկե, այս թիմի հետ կարող եմ շուտով տիտղոսներ նվաճել»,- ասել է Մխիթարյանը, Kicker-ին հղումով գրում է Armsport.am -ը:

Ֆուտբոլիստի խոսքով՝ եթե «Բորուսիան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը, իր գործակալի հետ պատրաստ կլինեն քննարկել դա։

«Բաց ենք քննարկման համար։ Ինչ վերաբերում է «Յուվենտուս» հնարավոր տեղափոխությանս, ապա նախկինում էլ են եղել նման խոսակցություններ, սակայն դեռ «Բորուսիայում» եմ», - հավելել է Մխիթարյանը:

«Մենք ցանկանում ենք նրանց թիմում պահել հնարավորին չափ երկար ժամանակ: «Բորուսիան» միանգամայն ի վիճակի է նրանց ֆինանսական շահավետ պայմաններ առաջարկել: Դրա համար մենք այլ ակումբներից զգուշանալու իմաստ չենք տեսնում», - ասել է նա:

Հունվարի 5-ին հայտնի է դարձել, որՀայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով լրջորեն հետաքրքրվում է «Յուվենտուսը»: ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, թե Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հանդիպել է թուրինյան ակումբի ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մխիթարյանի տեղափոխվելու հնարավորությունները:

Միաժամանակ, Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն մամուլի ներկայացուցիչներին վստահեցրել է, որ ակումբը ցանկանում է թիմում պահել երեք ֆուտբոլիստի՝ Հենրիխ Մխիթարյանին, Մատս Հումելսին և Իլկայ Գյունդողանին:

Դեկտեմբերի 21-ին Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը տեղեկացրել է ներկայումս ակումբի համար առաջնային նպատակը Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի ժամկետի երկարաձգումն է: Նոր պայմանագրով Մխիթարյանի աշխատավարձը տարեկան 5,5 միլիոն եվրոյից կարող է դառնալ 7,5 միլիոն եվրո:

Մխիթարյանը հանդես է գալիս «Բորուսիայի» կազմում 2013 թվականի օգոստոսից: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվել է գերմանական ակումբ ուկրաինական «Շախտյորից» 27.5 մլն եվրոյով՝ դառնալով «Բորուսիայի» պատմության ամենաթանկ ձեռքբերումը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---