Շվեդիայի ոստիկանությունը թաքցրել է կանանց վրա հարձակումների փաստերը

Շվեդիայի ոստիկանությունը թաքցրել է կանանց վրա հարձակումների փաստերը

PanARMENIAN.Net - Շվեդիայի վարչապետը մեղադրել է երկրի ոստիկանությանը երիտասարդ կանանց հանդեպ «դավաճանության» մեջ, քանի որ վերջին 2 տարում անտեսել է Ստոկհոլմի We Are Sthlm երաժշտական փառատոնի ժամանակ սեռական ոտնձգությունների մասին դիմումները:

Ստոկհոլմի ոստիկանությունը հայտարարել է ներքին հետաքննություն սկսելու մասին:

Նախորդ տարվա օգոստոսին ոստիկանությունը մոտ 200 մարդու է հեռացրել փառատոնից, սակայն մամուլի համար հայտարարություններում սեռական ոտնձգությունների մասին հիշատակում չի եղել:

Շվեդական Dagens Nyheter թերթի անցկացրած հետաքննության արդյունքում պարզվել է, որ երիտասարդ տղամարդկանց խմբերը, որոնցից շատերը ներգաղթյալներ էին, սեռական ոտնձգությունների են դիմել Ստոկհոլմի փառատոնում 2014 և 2015 թթ.:

Վերջին փառատոնից հետո ոստիկանության ներկայացուցիչ Վարգ Յիլլանդերը հայտարարեց մամուլին, որ «հարաբերականորեն քիչ հանցագործություն է կատարվել, և համեմատաբար քիչ մարդ է բերման ենթարկվել, հաշվի առնելով ներկաների թիվը»:

Հիմա նա ասում է, որ այն ժամանակ պետք էր ասել նաև սեռական ոտնձգությունների մասին:

«Չգիտեմ, թե դա ինչու չարվեց»,-ասել է նա շվեդական ռադիոյին տված հարցազրույցում: «Ըստ իմ տեղեկությունների, ոստիկանությունն այն ժամանակ շատ լավ է գործել: Մի քանի մարդ է հեռացվել փառատոնից կանանց հանդեպ ոտնձգությունների պատճառով»:

Ըստ Dagens Nyheter-ի հետաքննության, փառատոնի 5 օրում ոստիկանությունը մոտ 50 մարդու էր բերման ենթարկել և ևս 200-ին հեռացրել փառատոնից:

Վարչապետ Ստեֆան Լեվենը պահանջել է բացատրել, թե ինչու դիմումները չեն գրանցվել և ինչու ոստիկանությունը չի հրապարակել այդ տվյալները: Այդ միջադեպերը նա անվանել է «կանանց կրկնակի դավաճանություն»:

«Մենք աչք չենք փակի, մենք պետք է լուծենք այս բարդ հարցը»,-ասել է վարչապետը Expressen թերթին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Յիլանդերը խոստովանել է, որ չհրապարակման հնարավոր պատճառներից մեկը կարող էր լինել այն փաստը, որ բռնության դիմածներից ոմանք ներգաղթյալներ էին: «Այսօր բանավեճերը, երբ խոսք է գնում ներգաղթյալների և փախստականների մասին, շատ կոշտ ու ագրեսիվ են դարձել, ինձ թվում է, մենք հիմա բոլորս ենք շատ շգուշությամբ բառեր ընտրում»,-ասել է Շվեդիայի վարչապետը:

Ոստիկանապետ Դան Էլիասոնը պահանջել է ներքին հետքննություն անցկացնել:

Ամանորի գիշերը գերմանական Քյոլնի տաճարի հարակից հրապարակում 15-35 տարեկան մոտ 1000 տղամարդ էր հավաքվել: Ըստ վկաների ցուցմունքների, խմած տղամարդիկ շրջապատում էին կանանց, խլում նրանց դրամապանակներն ու բջջային հեռախոսները, իսկ նրանց, ով փորձում էր միջամտել, սպառնում էին հաշվեհարդարով: Ըստ վերջին տվյալների, ոստիկանությունն արդեն մոտ 400 դիմում է ստացել սեռական ոտնձգություններից և կողոպուտից տուժած կանանցից: Հիմնականում հարձակվողները եղել են աֆրիկյան և արաբական արտաքինով երիտասարդ տղամարդիկ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---