ՏԿԱԻՆ-ը մարզերում հենակետեր կբացի` ձյան մեջ արգելափակվածներին օգնելու համար

ՏԿԱԻՆ-ը մարզերում հենակետեր կբացի` ձյան մեջ արգելափակվածներին օգնելու համար

PanARMENIAN.Net - Տարվա սկզբին հանրապետության տարածքում գրանցված առատ տեղումները և ձնաբքի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակները հաշվի առնելով` ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը որոշել է ՀՀ մարզերում ծավալել ժամանակավոր հենակետեր` ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերելու համար:

Հունվարի 13-ին, ժամը 14: 30-ին, ՀՀ ՏԿԱԻՆ շարահրապարակում (Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8) ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի մասնակցությամբ կկայանա ձնաբքի դեպքում մարդկանց աջակցության ժամանակավոր հենակետի ծավալման փորձարկումը, որի ընթացքում կներկայացվեն տվյալ իրավիճակում քաղաքացիներին օգնություն տրամադրելու միջոցները, հայտնում է ՀՀ ՏԿԱԻ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Սահմանված տարածքներում տեղադրվելու են արագ ծավալվող վրաններ, որոնք հագեցած են լինելու մարդկանց ժամանակավոր պատսպարման, ցուրտ եղանակին ջերմությամբ և տաք սննդով ապահովելու միջոցներով: Վրանը կարող է նաև ծառայել որպես տեղում կազմակերպված փոքր շտաբ` արագ արձագանքման ծառայությունների համար:

Միջոցառման ընթացքում կներկայացվի նաև վիճակագրություն ձնաբքի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակների վերաբերյալ:

Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ հունվարի 13-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը միակողմանի փակ է: Մինչ երթևեկության վերականգնումը՝ առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային):

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ (բացառությամբ կցորդիչով բեռնատարների):

Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը տեղացած ձյան տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման: Հանրապետության տարածքում հունվարի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-ին սպասվում է ձյուն:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---