Ադրբեջանում բողոքում են գնաճի և գործազրկության դեմ. Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

Ադրբեջանում բողոքում են գնաճի և գործազրկության դեմ. Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

PanARMENIAN.Net - Հունվարի 13-ին ադրբեջանական Սիազանի բնակիչները հավաքվել էին շրջանի գործադիր իշխանության շենքի մոտ` բողոքելով գնաճի և գործազրկության դեմ: Ոստիկանությունը փորձել է ցրել ցուցարարներին` օգտագործվել է արցունքաբեր գազ:

Բողոքի ակցիան մեկնարկել էր հունվարի 12-ին` ցուցարարներին խոստացել էին ընդունել ներկայացված առաջարկները: Երբ մարդիկ ցրվել են, ամենաակտիվներին բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք, հայտնում է Minval.az-ը: Ձերբակալվել է մոտ 30 մարդ:

Հունվարի 13-ի առավատոյան Ֆիզուլու շրջանի Բալա Բահմանլի գյուղում բողոքի ակցիա է տեղի ունեցել թանկացման դեմ, որին միացել են աև Ահմեդբեյլիի և Մահմուդլուի բնակիչները: Բողոքի ակցիային մասնակցել է մոտ 1000 մարդ: Նրանք փակել են կենտրոնական ճանապարհը:

Հունվարի 12-ին բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ադրբեջանի 4 շրջանում` Լենկորանի, Ֆիզուլիի, Սիազանի և Աղջաբեդիի:

Լենկորանի շրջանի ղեկավարը հայտարարել է, որ մարդիկ դժգոհ են կանխիկ գումարով ալկոհոլ գնելու արգելքից:

Մինչդեռ, ինչպես հայտնում է Haqqin.az-ը, Լենկորանում ձերբակալվել է ընդդիմադիր Նազիմ Ղասանլին: Նա ևս մասնակցել է թանկացման դեմ ցույցին: Նրա գտնվելու վայրը հայտնի չէ:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավելի վաղ հայտարարել էր, որ պայքար է գնում երկրում հավկիթի գնաճի դեմ, հարուցվել են քրեական գործեր գների արհեստական բարձրացման փաստերով:

Ճգնաժամն ազդել է նաև զբոսաշրջության ոլորտի վրա` Բաքվի բարձրակարգ հյուրանոցների մեծ մասն ուղղակի դատարկ է:

Ադրբեջանի կենտրոնական բանկը 2015-ի դեկտեմբերի 21-ից անցել է մանաթի լողացող փոխարժեքի: Մանաթի պաշտոնական փոխարժեքը դոլարի և եվրոյի համեմատ նվազել է գրեթե կիսով չափ: Դեկտեմբերի 18-ին 1 դոլարի արժեքը 1,05 մանաթ էր, իսկ դեկտեմբերի 21-ին արդեն` 1,55 մանաթ: 1 եվրոյի արժեքն է 1,68 մանաթ:

2015-ի դեկտեմբերին Ադրբեջանում մանաթի հերթական արժեզրկման պատճառով Բաքվի առևտրի կետերից շատերը, նույնիսկ դեղատները դադարեցրել էին աշխատանքը: Փակ էին նաև արժույթի փոխանակման կետերից շատերը:

2014-ից ի վեր Ադրբեջանի ԿԲ արտարժութային պահուստները նվազել են 2,5 անգամ` մինչև 6,2 մլրդ: Գումարը հիմնականում ծախսվել է մանաթի փոխարժեքի պահպանման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---