Գերմանիայի ԱԳ նախարար. Մասնակցելու ենք ԼՂ հակամարտության կարգավորմանը

Գերմանիայի ԱԳ նախարար. Մասնակցելու ենք ԼՂ հակամարտության կարգավորմանը

PanARMENIAN.Net - Գերմանիան ստանձնում է Եվրոպայի անվտանգության և գործակցության կազմակերպության ղեկավարությունը դժվարին ժամանակահատվածում: ԵԱՀԿ-ն անհրաժեշտ է որպես երկխոսության և վստահության ստեղծման հարթակ, ասված է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հայտարարության մեջ:

Հունվարի 1-ից ԵԱՀԿ-ի նախագահությունը Սերբիայից փոխանցվել է Գերմանիային:

«Ահաբեկչությունը Ստամբուլում, ճգնաժամը Մերձավոր Արևելքում և հակամարտությունն Ուկրաինայի արևելքում ցույց են տալիս, որ Գերմանիան ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնել է բարդ ժամանակահատվածում: Ես վստահ եմ, որ հենց այժմ ԵԱՀԿ-ն մեզ պետք է որպես երկխոսության և վստահության ստեղծման հարթակ»,-ասել է Շտայնմայերը, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Tert.am-ը:

Նախարարը նշել է, որ Գերմանիան մտադիր է ամրապնդել ԵԱՀԿ-ի հնարավորությունները՝ հակամարտությունների լուծման համար:

«Մենք նաև մասնակցելու ենք Լեռնային Ղարաբաղում, Մերձդնեստրում և Հարավային Կովկասում հակամարտությունների լուծմանն ու ակտիվացնելու ենք ԵԱՀԿ առաքելությունները տեղերում»,- ասել է նա:

Շտայնմայերը հունվարի 14-ին մեկնելու է Վիեննա, որտեղ ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում ներկայացնելու է կազմակերպությանը Գերմանիայի նախագահության շրջանի ծրագիրը։

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---