Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ-ի նախագահի գլխավոր օգնականին. Քննարկվել է նաև ԼՂ հարցը

Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ-ի նախագահի գլխավոր օգնականին. Քննարկվել է նաև ԼՂ հարցը

PanARMENIAN.Net - Հունվարի 14-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 14-ին ընդունել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով ավագ տնօրեն և ԱՄՆ նախագահի գլխավոր օգնական Չարլզ Կապչանին:

Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս իր հարաբերությունների զարգացմանը Միացյալ Նահանգների հետ, և բարձր գնահատեց առկա հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը և դրա առավել զարգացման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերը։

Կապչանը իր հերթին նշել է. «Ուրախ եմ այս հնարավորության համար՝ քննարկելու մեր երկրների միջև արդեն իսկ գոյություն ունեցող ամուր ու բազմակողմանի կապերի առավել ամրապնդման ուղիները, ինչը թույլ կտա հասնել մեր ընդհանուր նպատակին, այն է` ազատ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստան, որը խաղաղ գոյակցում է հարևանների հետ»:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան օրակարգի բազմաթիվ հարցերի, մտքեր փոխանակվեցին հրատապ միջազգային խնդիրների շուրջ:

Նշվել է, որ 2015թ.-ն բավականին դինամիկ տարի էր՝ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից. ուժի մեջ է մտել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնությունը, անցյալ տարվա մայիսին ստորագրվել է ՀՀ և ԱՄՆ միջև առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, որի հիման վրա ստեղծված առևտրի և ներդրումների խորհրդի անդրանիկ նիստը կայացել է անցյալ նոյեմբերին Երևանում։ Գումարվել է նաև տնտեսական գործակցության հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը։

Հանդիպմանը քննարկվեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների, ահաբեկչության դեմ պայքարի, հակամարտությունների կարգավորման ուղիների, խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Էդվարդ Նալբանդյանն ու Չարլզ Կապչանն անդրադարձել են ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացին: Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է Մինսկի խմբի համանախագահության հետ համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

2015-ի մայիսի 7-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում, Վաշինգտոնում կնքվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագիրը։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանը:

ՀՀ-ն և ԱՄՆ-ն, ըստ փաստաթղթի, հավաստում են իրենց մտադրությունը՝ ստեղծել ներդրումների և երկու երկրների միջև ապրանքաշրջանառության, առևտրի խրախուսման բարենպաստ պայմաններ։

Նախատեսվում է ձևավորել Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որը կնախագահեն հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ամերիկյան կողմից` ԱՄՆ առևտրի ներկայացուցչի գրասենյակը: Խորհրդի հանդիպումներն անցկացվելու են առնվազն տարին մեկ անգամ։ Խորհուրդի նպատակն է բացահայտել երկկողմ ներդրումների ու առևտրի նոր ոլորտներ և աշխատանքներ տանել դրանց զարգացման ու այդ ճանապարհին հնարավոր խոչընդոտների վերացման ուղղությամբ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---