18 դեկտեմբերի 2006 - 13:58 AMT
Եթե ամեն ինչ կախված լիներ ԵԱՀԿ ՄԽ-ից, ապա Ղարաբաղյան հարցը, հնարավոր է, արդեն կարգավորված կլիներ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհները չեն կատարում իրենց պարտավորությունները: Այդ մասին Երեւանում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով, այսօրվա Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը մի քիչ տարօրինակ է, քանի որ չկա գործընթաց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

«1994 թվականի Բուդապեշտի գագաթնաժողովը համանախագահներին հանձնարարել է բանակցություններ կազմակերպել հակամարտության բոլոր կողմերի հետ, ինչն այսօր չի կատարվում:
Փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կատարում իրենց պարտավորությունները, քանի որ նրանց հանձնարարվել է ակտիվ բանակցային գործընթաց սկսել Մինսկի խմբի ձեւաչափում, որտեղ ներկայացված են Լեռնային Ղարաբաղը, Հայաստանն ու Ադրբեջանը: Եթե ամեն բան կախված լիներ համանախագահներից, ապա այդ հարցը, հնարավոր է, արդեն կարգավորված կլիներ»,- ասել է ԼՂՀ նախագահը:

Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդպումների մասին` Ղուկասյանը նշել է, որ հիմքեր կան այսօր խոսել հարցի վերջնական կարգավորման մասին: «Բացի Հայաստանի խորհրդարանի մայիսյան ընտրություններից, հուլիս-օգոստոս ամիսներին կկայանան Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունները, ապա Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի նախագահի ընտրությունները: Ես գտնում եմ, որ բանակցային գործընթացը անհրաժեշտ է, շփումները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կարեւոր են, եւ պետք է շարունակվեն: Սակայն ցանակնում եմ կրկնել բանաձեւը, որի մասին բազմաթիվ անգամներ խոսել եմ. առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության, այս հարցն անհնարին է լուծել: Ինչ բանակցություններ էլ տարվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն անհրաժեշտ է: Այլ ուղի չկա»,- ընդգծել է Արկադի Ղուկասյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: