Reuters. Իտալիան արգելափակում է €3 մլրդ եվրոյի հատկացումը Թուրքիային

Reuters. Իտալիան արգելափակում է €3 մլրդ եվրոյի հատկացումը Թուրքիային

PanARMENIAN.Net - Իտալիան արգելափակում է Եվրամիության կողմից Թուրքիային €3 մլրդ հատկացումը, որի դիմաց Անկարան խոստացել է աջակցել Մերձավոր Արևելքից Եվրոպա փախստականների հոսքի նվազմանը: Այդ մասին Reuters-ը տեղեկացել է եվրոպական դիվանագիտական աղբյուրներից:

2015-ի նոյեմբերի 29-ին գագաթնաժողովում ԵՄ երկրները նախնական հավանություն տվեցին մի ծրագրի, որի համաձայն նախատեսվում է 3 մլրդ եվրո հատկացնել Թուրքիային` «փախստականների հումանիտար կարիքները հոգալու համար»:

«Այժմ թվում է, թե ԵՄ-ն պատրաստ է նահանջել»,-ասել է գործակալությանը մեկ այլ եվրոպացի դիվանագետ: «Մենք պետք է շտապ լուծենք այս խնդիրը, որպեսզի որպես վստահելի գործընկեր ներկայանանք փախստականների հոսքի կասեցման շուրջ Անկարայի հետ բանակցություններում»,-ասել է դիվանագետը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի ամփոփիչ նախագծում ասվում է. «Երկու կողմերն այս պահից ի վեր կսերտացնեն գործակցությունը միգրանտների հարցում, որոնց հարկավոր չէ միջազգային պաշտպանություն` կանխելով նրանց մուտքը Թուրքիայի և ԵՄ տարածք»,-ասվում է փաստաթղթում:

Բանակցությունների ընթացքում քննարկվել է ԵՄ և Թուրքիայի միջև մուտքի արտոնագրերի վերացման հնարավորությունը: Ինչպես հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, ազատ մուտքը Շենգենի գոտի Թուրքիայի քաղաքացիների համար իրողություն կդառնա 2016-ի աշնանը, եթե Անկարան կատարի բոլոր անհրաժեշտ պայմանները, մասնավորապես, եթե հետ ընդունի բոլոր ապօրինի ներգաղթյալներին, որոնք ապաստան ստանալու իրավունք չունեն և ժամանել են երրորդ երկրներից: Բացի այց, Բրյուսելը կարագացնի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը:

Ավելի վաղ Իտալիայի «Հյուսիսային լիգա» (Lega Nord) կուսակցության առաջնորդ Մաթեո Սալվինին «Եվրամիություն (ԵՄ)-Թուրքիա» գագաթնաժողովից հետո Twitter-ի իր միկրոբլոգում հետևյալ գրառումն էր արել. «Եվրոպան Թուրքիային 3 մլրդ է նվիրում փախստականների ճգնաժամի կապակցությամբ: Իսկ որոշներն ուզում են, որ նույն այդ Թուրքիան մտնի ԵՄ: Եթե նրանք մտնում են, ապա եկեք մենք դուրս գանք»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---