18 դեկտեմբերի 2006 - 14:22 AMT
Գերված ադրբեջանցի զինվորը չի ցանկանում վերադառնալ հայրենիք` վախենալով պատժից
«Դեկտեմբերի 7-ին գերեւարված Վուսալ Մահոմեդ օղլի Գարաչաեւը, վերադառնալով Ադրբեջան, կհայտնվի բանտում եւ շատ երկար այնտեղ կմնա»,- դեկտեմբերի 17-ին Երեւանում լրագրողներին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով, «ադրբեջանցի զինվորականը գիտակցված է անցել սահմանը եւ հայտնվել ԼՂՀ տարածքում, քանի որ նրան ծեծում էին զինակիցները»: «Կատարվածը հետաքննելու անհրաժեշտություն չկա, քանի որ առանց այդ էլ ամեն բան պարզ է»,- նշել է Ղուկասյանը, ավելացնելով, որ «գերված զինվորը չի ցանկանում վերադառնալ հայրենիք` վախենալով դատաստանից»:

Լեռնային Ղարաբաղի նախագահը նաեւ տեղեկացրեց, որ «ադրբեջանցի զինորականի ձերբակալումից հետո մեկ օրվա ընթացքում դիմում է հղվել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտե (ԿԽՄԿ), եւ ներկա դրությամբ լուծվում են Վուսալ Մահոմեդ օղլի Գարաչաեւի հանձնման տեխնիկական հարցերը»: Միեւնույն ժամանակ, Արկադի Ղուկասյանը նշել է, որ «եթե Ադրբեջանի ԶՈՒ շարքայինը շարունակի հայտարարել, որ չի ցանկանում վերադառնալ, ապա ղարաբաղյան կողմը չի պնդի դա»: «Սակայն, ամենայն հավանականությամբ, նրա հարազատների վրա ճնշում կգործադրվի, եւ նա ստիպված կլինի վերադառնալ»,- նշել է Լեռնային Ղարաբաղի ղեկավարը, հիշեցնելով, որ «ի տարբերություն Ադրբեջանի, ԼՂՀ իշխանությունները հանրապետության տարածքում հայտնված զինվորականներին օպերատիվ կերպով հանձնում են հակառակ կողմի ԿԽՄԿ-ին»: Ղուկասյանի խոսքերով, «Բաքվում նման դեպքերում ամիսներով հետաքննություն են տանում եւ փորձում են հավաքագրել իրենց տարածքում հայտնվածներին», հայտնում է Regnum-ը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Աղդամի ուղղությամբ, ԼՂՀ Պաշտպանության բանաի զինվորականների կողմից գերի էր վերցվել ադրբեջանական բանակի շարքային, 1988 թվականին ծնված, Ադրբեջանի Բելոկանի շրջանի բնակիչ Գարաչաեւ Վուսալ Մահոմեդ օղլին` զենքը ձեռքին: