Ադրբեջանում կրճատվում են զինծառայողների աշխատավարձերն ու զենքի գնումները

Ադրբեջանում կրճատվում են զինծառայողների աշխատավարձերն ու զենքի գնումները

PanARMENIAN.Net - 2016-ի հունվարից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների աշխատավարձերը նվազել են 30-50 տոկոսով: Այդ մասին հայտնում է «Խազար» ռազմական գիտահետազոտական ինստիտուտը (Caspian Defense Studies Institute) Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբում իրազեկ աղբյուրների վրա հղումով:

Այս որոշումն առնչվում է ավելի քան 3 հազար սպայի և ենթասպայի:

Հետաքրքրական է, որ զինծառայողների մեծ մասը տեղեկացված չի եղել այդ որոշման մասին: Ըստ աղբյուրի, դա կապված է խժդժությունների մտավախության հետ: Աղբյուրը պնդում է, որ ՊՆ և գլխավոր շտաբի աշխատակազմերի տասնյակ աշխատակիցներ պաշտոնանկ կարվեն և կգործուղվեն զորամասեր: Համապատասխանաբար, կնվազնե նաև նրանց աշխատավարձեըը:

Աղբյուրը հավելել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում` դեկտեմբերին և հունվարին, Ադրբեջանի ՊՆ որոշ միավորումներ ցրվել են և կրճատումներ են սկսվել կորպուսների ղեկավարության կազմում: Առաջիկայում սպասվում են նաև լուրջ կառուցվածքային փոփոխություններ:

Բոլոր այս փոփոխությունները կապված են նավթի գների անկման և մանաթի արժեզրկման հետ: Որոշում է կայացվել նաև հետաձգել զորամասերի մեծ մասի շինարարական աշխատանքներն ու վերակառուցումը: Անորոշ ժամկետով հետաձգվել է նաև բնակարանաշինությունը սպաների և ենթասպաների համար: Կկրճատվի նաև զորավարժությունների քանակը: Փոփոխություններ կլինեն նաև զենքի և զինտեխնիկայի ձեռք բերման ոլորտում:

Ռազմական հետազոտությունների կասպյան ինստիտուտի ղեկավարն է ադրբեջանցի փորձագետ Ջասուր Մամեդովը (Սումերինլի), որը 2014-ին փախուստի դիմեց Ադրբեջանից իր ղեկավարած «Դոկտրին» ռազմական հետազոտությունների կենտրոնի վրա ճնշման պատճառով: Սումերինլին կանոնավոր կերպով տեղեկություններ էր հրապարակում ադրբեջանական բանակում կորուստների մասին, որոնք երկրի ղեկավարությունը թաքցնում է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---