Հանրաքվերին ընտրախախտումների գործերով 5 մարդու մեղադրանք է առաջադրվել

Հանրաքվերին ընտրախախտումների գործերով  5 մարդու մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Հանրաքվեի ընթացքում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի վերաբերյալ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերից 6-ով նախաքննությունն ավարտվել է:

«2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող 32 քրեական գործերից, հունվարի 15-ի դրությամբ, 6-ով նախաքննությունն ավարտվել է։

6 քրեական գործերի 5-ը, 5 մեղադրյալների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազներին։ Նշված քրեական գործերը վերաբերում են Երևանի թիվ 8/08, 8/25, 10/15, 10/14, 2/32 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերին. քննության արդյունքներով՝ մեղադրանք է առաջադրվել 5 անձի, որոնցից 3-ը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ են։

1 քրեական գործի վարույթ կարճվել է՝ հանցադեպի և հանցակազմի բացակայության հիմքով: Քննչական կոմիտեի վարույթում ներկայումս քննվում է 26 քրեական գործ»,-նշված է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերին՝ դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից հունվարի 11-ի դրությամբ ուսումնասիրվել է 514 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ):

2015-ի դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը: Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---