«Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցահանդեսը բացվել է Փարիզում

PanARMENIAN.Net - Դեկտեբերի 14-ին Ֆրանսիայի մշակույթի եւ հաղորդակցության նախարար Ռենո Դոնեդիո դը Վաբրը եւ Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը Փարիզի Կոնսիերժերիի սրահում բացեցին «Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցահանդեսը, որը տեւելու է դեկտեմբերի 15-ից մինչեւ հաջորդ տարվա մարտի 18-ը: Ցուցահանդեսի հեղինակներն են ճարտարապետ Նարեկ Սարգսյանը եւ Հայաստանի ԱԱ Արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի վարիչ Մուրադ Հասրաթյանը:



Փարիզի Կոնսիերժերիի մոտ 1200քմ սրահում ցուցադրված են պատմական Հայաստանի 12 մայրաքաղաքների վերաբերյալ (Վանից Արտաշատ, Տիգրանակերտից Դվին, Վաղարշապատից Անի, Սիսից մինչեւ Երեւան) տեղեկություններ, հին եւ ժամանակակից լուսանկարներ, Երեւանի Պատմության թանգարանի հավաքածուներից զարդարվեստի իրեր, ազգային տարազներ, ասեղնագործության նմուշներ, հին գորգեր, խաչքարեր: Ցուցահանդեսը կազմակերպվել է Ֆրանսիայի մշակույթի եւ արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիայի Ազգային հուշարձանների կենտրոնի, Փարիզի Կոնսիերժերիի, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության եւ Հայաստանի Պատմության թանգարանի համատեղ ջանքերով, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---