Հունաստանի նախագահը մեղադրում է Թուրքիային փախստականների ապօրինի փոխադրումներին աջակցելու մեջ

Հունաստանի նախագահը մեղադրում է Թուրքիային փախստականների ապօրինի փոխադրումներին աջակցելու մեջ

PanARMENIAN.Net - Թուրք մաքսանենգները, որոնք ներգաղթյալներին ապօրինի Եվրոպա են փոխադրում, Թուրքիայի տեղական իշխանությունների աջակցությամբ են գործում: Այսպիսի հայտարարություն է արել Հունաստանի նախագահը Պրոկոպիս Պավլոպուլոսը Sueddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում` Գերմանիա այցելության նախօրեին:

«Թուրքիան պետք է որքան հնարավոր է կտրուկ սահմանափակի փախստականների հոսքը: Նա պարտավորվել է դա անել: Այդ երկիրը նաև պետք է կասեցնի մաքսանենգների գործունեությունը, որոնք զբաղվում են մարդկանց փոխադրումներով»,-ասել է Պավլոպուլոսը:

«Ես մեծ մտավախություններ ունեմ, որ թուրք փոխադրողները ստանում են իշխանությունների աջակցությունը: Մասնավորապես, ափամերձ շրջանների իշխանությունները ձևացնում են, թե ոչինչ չեն հասկանում: Կան դեպքեր, երբ նրանք օգնել են փոխադրողներին: Մենք ապացույցներ ունենք»,-ասել է նա:

Հունաստանի նախագահը հայտարարել է, որ այդ խնդիրները քննարկվել են եվրոպական մակարդակով, վարչապետ Ցիպրասը խոսել է այդ մասին թուրք պաշտոնակից Դավութօղլուի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցն իր հերթին ասել էր, որ ԵՄ-ն փախստականների համար պատասխանատվության մի մասը բարդեց Թուրքիայի վրա ձեռքերը չկեղտոտելու համար, սակայն Անկարան դրա դիմաց չափից ավել իշխանություն ստացավ:

2015-ի նոյեմբերին ԵՄ-Թուրքիա վեհաժողովի ժամանակ կողմերը ձեռք են բերել փախստականների հարցի լուծման վերաբերյալ որոշ պարտավորություններ ԵՄ-ն, մասնավորապես, $3 մլրդ է տրամադրել փախստականների ճամբարների և սահմանների ամրացման համար, խոստացել է վիզային ռեժիմի ազատականացում և ԵՄ-ին անդամակցման բանակցությունների վերսկսում: Խնդիրը, սակայն, լուծվել` փախստականները շարունակում են ԵՄ ժամանել գրեթե նույն քանակով:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հերթին հայտարարել էր, որ եվրոպական իշխանություններն ի զորու չեն պատշաճ հսկողություն ապահովել միգրացիոն ճգնաժամի հետ կապված իրավիճակում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---