18 հունվարի 2016 - 12:29 AMT
Թուրքիայում ոստիկանական մեքենա է պայթեցվել. 3 զոհ կա

Թուրքիայի Շըրնաք նահանգում գիշերը ճանապարհին տեղադրված պայթուցիկ սարքի միջոցով ոստիկանական զրահապատ մեքենա է պայթեցվել:

Պայթյունի հետևանքով վիրավորվել է 7 ոստիկան: Ուղղաթիռով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 3-ի կյանքը փրկել չի հաջողվել, Hurriyet-ին հղումով գրում է Tert.am-ը:

4 ոստիկան դեռ հիվանդանոցում են:

Թուրքական կողմի պնդմամբ՝ հարձակման պատասխանատուն Քրդիստանի աշխատավորական կուսակցությունն (PKK) է:

Հարձակումից հետո ամբողջ գիշեր թուրք-քրդական բախումը շարունակվել է:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար: