ՀՀ օմբուդսմենը ԱԺ է ներկայացրել 2-րդ հրաժարականը և խոսել պատճառների մասին

ՀՀ օմբուդսմենը  ԱԺ է ներկայացրել 2-րդ հրաժարականը և խոսել պատճառների մասին

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովում ստացվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի երկրորդ հրաժարականը: Այս մասին տեղեկացրել է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում:

Իր հրաժարականի մասին օմբուդսմենը հայտարարել է հունվարի 12-ին: Ըստ օրենքի, օմբուդսմենի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը:

Բաբայանը հիշեցրել է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ՀՀ ԱԺ նախագահը ԱԺ առաջիկա նիստում տեղեկացնում է պատգամավորներին Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին:

Հունվարի 18-ին ՀՀ օմբուրդսմեն Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ գիտակցում է, թե իրենից այսօր շատերն ակնկալում են լսել հրաժարականի պատճառը:

«Վերջին օրերին ես լսեցի այդ պատճառի մասին մի շարք ողջամիտ բացատրություններ, բայց նաև մի քանի ցնդաբանություններ: Հրաժարականի պատճառը բազմաշերտ է և շատ բարդ է այն ներկայացնել մեկ կամ մի քանի բառով: Բայց ամենակարճն ու հիմնականը հետևյալն է: Եթե 2016-ին էլ հենց ես մնայի Օմբուդսմեն, ապա այս կարևորագույն ինստիտուտն այլևս չէր լինի այնքան արդյունավետ, որքան դարձել էր երկար տարիների չարչարանքի շնորհիվ: Պատկերացնում եմ չարախոսներին, որ այս տողերից հետո ավելի մեծ կատաղությամբ կսկսեն պախարակել մեր կատարած նախկին աշխատանքը, բայց հուսամ՝ նրանք կփորձեն նաև այլ եղանակներով վաստակել իրենց օրվա հացը», - գրել է Անդրեասյանը:

Նա նշել է, թե որպես իրավաբան ակնկալում է, որ բոլոր այն օրենքները, որ կընդունվեն 2016-ին որպես նոր Սահմանադրության հետևանք, կլինեն իրապես մարդակենտրոն և ի օգուտ մարդու իրավունքների կլուծեն այն հարցերը, որոնց կարգավորումը ներկայիս Սահմանադրությունը բաց է թողել:

«Վերջապես, ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում սպասումները չարդարացրեցի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով: Շնորհակալություն եմ հայտնում այն բազմաթիվ մարդկանց, ովքեր ինձ օգնեցին ստանձնել, իսկ այնուհետև կատարել մարդուն օգնելու այս մեծ առաքելությունը, և ովքեր այս հինգ տարիներին ինձ հետ անցան բոլոր փորձությունները», - գրել է Անդրեասյանը:

Կարեն Անդրեասյանը անցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունների կատարմանը 2011-ի մարտի 3-ից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---