ՌԴ-ն կդադարեցնի նոր վարկերի տրամադրումն այլ երկրներին

ՌԴ-ն կդադարեցնի նոր վարկերի տրամադրումն այլ երկրներին

PanARMENIAN.Net - Բյուջետային սահմանափակումների պայմաններում Ռուսաստանը ստիպված կլինի ընթացիկ տարում դադարեցնել նոր վարկերի տրամադրումը այլ երկրների փոխառուներին, սակայն նախկինում ստանձնած բոլոր պարտավորությունները կկատարվեն: Այդ մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը, հայտնում է Gazeta.ru-ն:

«Այսօրվա դրությամբ, կարծում եմ, կառավարությունը նոր վարկեր տրամադրելու շատ քիչ հնարավորություններ ունի: Բույջեն լարված է, ավելի քան լարված: Կարծում եմ, մենք մի իրավիճակում ենք, երբ ստիպված ենք դադարեցնել նոր վարկերի հատկացումը»,-ասել է նա:

Ըստ նրա, գործող բյուջեի պայմաններում վարկերի տրամադրման նոր հանձնառությունների ստանձնումը մեծ ռիսկերի հետ է կապված և ռիսկեր է պարունակում ապագայում այդ պարտավորությունների կատարման առումով:

Ընդ որում փոխնախարարն ասել է, որ նախկինում ստանձնած բոլոր պարտավորությունները Ռուսաստանը կկատարի: «Մենք խոշոր պարտավորություններ ենք ստանձնել, իսկ չկատարել ստանձնած պարտավորությունները վարկերի տրամադրման առումով ավելի ամոթալի է, քան ստացած վարկերով պարտավորություններ չկատարելը: Վարկատուի համար ավելի ամոթալի բան չկա»,-ասել է նա:

Անդրադառնալով Իրանին $5 մլրդ վարկ տրամադրելու հնարավորությանը, որն այժմ քննարկում են կողմերը, Ստորչակն ասել է, որ այդպիսի համաձայնագիր դեռ չկա: «Բանակցություններ են ընթանում: Բանակցությունների և պարտավորությունների ստանձնման միջև մեծ դիստանցիա կա»,-ասել է նա:

Ստորչակը հավելել է նաև, որ պատժամիջոցների պայմաններում ՌԴ-ն ինքը ևս արտաքին շուկայից փոխառություն չի անի:

Ավելի վաղ ՌԴ «Խնայբանկի» ղեկավար Գերման Գրեֆը հայտարարել էր, որ անցյալում է մնացել համաշխարհային տնտեսության կախվածությունը ածխաջրածիններից և Ռուսաստանը չի կարողացել տեխնոլոգիական դարաշրջանին պատրաստ երկրների թվում հայտնվել: Գրեֆի կանխատեսումը ներառում է նաև ճգնաժամը նավթի շուկայում:

Համաշխարհային բանկերը նվազեցրել են իրենց նավթի գնի վերաբերյալ կանխատեսումները 2016-ի համար: Barclays-ը Brent-ի և WTI-ի համար ակնկալում է $37: Ավելի վաղ բանկը ենթադրում էր, որ 2016-ին Brent-ի միջին արժեքը կկազմի $60, WTI-ը` $56 մեկ բարելի համար, հայտնում է slon.ru-ն:

Ըստ Standard Chartered բանկի վերլուծաբանների, նավթի գները կարող են նվազել մինչև $10 դոլար 1 բարելի դիմաց: Morgan Stanley-ը կանխատեսում է, որ Brent-ի 1 բարելի գինը կարող է նվազել մինչև $20:

2015-ի սեպտեմբերին ՀՀ և ՌԴ միջև ստորագրվեց Հայաստանին $200 մլն արտոնյալ վարկ տրամադրելու համաձայնագիր, որով նախատեսվում է թարմացնել հայկական զինված ուժերի զինանոցը: Ինչպես նաև $270 մլն՝ ՌԴ-ից կտրամադրվի Մեծամորի ատոմակայանի նորոգմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---