Արա Գյուլերի մասին վավերագրական ֆիլմը կցուցադրվի Վաշինգտոնի փառատոնում

Արա Գյուլերի մասին վավերագրական ֆիլմը կցուցադրվի Վաշինգտոնի փառատոնում

PanARMENIAN.Net - Հայազգի ստամբուլաբնակ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի մասին պատմող վավերագրական ֆիլմը կներկայացվի Վաշինգտոնի կինոփառատոնում:

Ինչպես հայտնում է Sabah-ը, «Ստամբուլի աչքը» ֆիլմի ամերիկյան պրեմիերան տեղի կունենա մարտին: Ֆիլմը հայտնի լուսանկարչի դիմանկարն է: Ֆիլմի առանցքում Գյուլերի նախապատրաստումն է լուսանկարների ցուցահանդեսին, աշխատանքների ընտրությունը և լուսանկարչի մտորումներն իր արխիվների ապագայի մասին:

Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է: Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով: Ծնվել է Ստամբուլում՝ 1928-ին, հայերի ընտանիքում: Գյուլերը հարյուրավոր ցուցահանդեսներ է ունեցել ամբողջ աշխարհում, հրատարակել է բազմաթիվ գրքեր: Նա լուսանկարել է Ուինսթոն Չերչիլին, Մարիա Կալլասին, Ջոն Բերգերին, Բերնարդ Ռասսելին, Սալվադոր Դալիին, Պաբլո Պիկասոյին, Ինդիրա Գանդիին, Սերգեյ Փարաջանովին և այլոց: Պարգևատրվել է ֆրանսիական Legion d’ honneur, 2005թ.` թուրքական Grand prize of culture and art, 2009թ.` Նյու Յորքի Lucie Award մրցանակներով: Արա Գյուլերի լուսանկարչական աշխատանքների բազմաթիվ օրինակներ կարելի է գտնել միջազգային հաստատություններում, ինչպիսիք են Փարիզում Ֆրանսիայի ազգային գրադարանը և Շելդոնի հավաքածուն Նեբրասկայի համալսարանում, նաև Բոստոնի, Չիկագոյի և Նյու Յորքի մասնավոր հավաքածուներում: Նրա լուսանկարները ցուցադրված են Քյոլն քաղաքի «Լյուդվիգ» թանգարանում ևս: 2013-ի ամռանն Արա Գյուլերը Հայաստանում էր: Ազգային պատկերասրահում նրա «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացված էր աշխարհի տարբեր վայրերում արված մոտ 100 լուսանկար: Ցուցահանդեսը մշտական է:

Արա Գյուլերին հաճախ «Ստամբուլի աչք» են անվանում, թեև լուսանկարչին դա այնքան էլ դուր չի գալիս, նշում է պարբերականը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---