Նիդերլանդներում ոստիկանությունը ցրել է փախստականների դեմ ցույցը

Նիդերլանդներում ոստիկանությունը ցրել է փախստականների դեմ ցույցը

PanARMENIAN.Net - Նիդերլանդների Հեսկ փոքր քաղաքում փախստականների կենտրոնի բացման դեմ բողոքի ցույցը վերաճել է անկարգությունների, հայտնել է France Presse-ը տեղի ԶԼՄ-ների և իշխանությունների վրա հղումով:

Նախօրեին Facebook-ում բացվել էր Protest AZC Heesch էջը` հունվարի 18-ին տեղի ժամանակով 19:00-ին քաղաքապետարանի մոտ հավաքվելու կոչով: Նշված ժամից մեկ ժամ հետո քաղխորհրդում պետք է սկսվեր փախստականների համար շենքի կառուցման վերաբերյալ քննարկումը: Ըստ նախնական ծրագրի, Հեսկը պետք է առաջիկա 10 տարում 500 փախստական ընդունի:

Protest AZC Heesch էջը մոտ 3 հազար հավանություն էր ստացել: Քաղաքի բնակչությունը չի հասնում 30 հազարի:

Քաղաքապետարանի դիմաց մոտ 1000 մարդ էր հավաքվել: Անկարգություններից խուսափելու համար Հեսկ գործուղվեցին հատուկջոկատայիններ:

Մթնոլորտը ցույցի ժամանակ շիկացել էր: Տասնյակ ցուցարարներ փորձել են գրոհել քաղաքապետարանի շենքը: Մի խումբ ակտիվիստներ հավկիթներ է ներտել շենքի ուղղությամբ: Քաղխորհրդի անդամները տարհանվել են:

Քաղաքային իշխանությունների կայքում հրապարակված Հեսկի քաղաքապետի հայտարարության մեջ ասվում է, որ քաղաքը «լրացուցիչ լիազորություններ է տվել ոստիկանությանը», երբ «ցույցը դուրս է եկել վերահսկողությունից»: Ոստիկանությունը անդորր է հաստատել նույն օրը, հայտնում է ՌԲԿ-ն:

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: 2015-ի հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:

Ընդհանուր առմամբ, 2015-ին Եվրոպայի ճանապարհն է բռնել մոտ 1 միլիոն փախստական: Փախստականների ուղին սկսվում է Սիրիայից, Լիբիայից և միջերկրածովյան այլ երկրներից: Նրանք նավակներով հասնում են Հունաստանի, Իտալիայի կղզիներ, այնուհետև ճանապարհը շարունակում հյուսիս՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եվրոպական իշխանություններն ի զորու չեն պատշաճ հսկողություն ապահովել միգրացիոն ճգնաժամի հետ կապված իրավիճակում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---