ՀԲ. ՀՀ-ն կարող է միջնորդ դառնալ Իրանի և Եվրասիական միության միջև

ՀԲ. ՀՀ-ն կարող է միջնորդ դառնալ Իրանի և Եվրասիական միության միջև

PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կարող է բավական հետաքրքիր հնարավորություններ բացել Հայաստանի համար: Այս մասին ասել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլիին՝ հավելելով, որ Կառավարության հետ քննարկում են դրանք:

Ըստ Բեյլիի՝ Հայաստանն ու Իրանը կարող են էներգետիկ ոլորտում սառեցված նախագծերը առաջ տանել, ակտիվացնել ավանդական ոլորտներում առևտուրը։

«Բացի այդ՝ այն 12 տարիների ընթացքում, որ Իրանը գտնվում էր պատժամիջոցների տակ, Հայաստանը մեծ առաջընթաց է արձանագրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, և սա իր հերթին կարող է շատ մեծ առավելություն լինել», - ասել է նա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Բեյլիին նշել է, որ Հայաստանը կարող է նաև միջնորդ դառնալ Իրանի և Եվրասիական միության միջև: «Հայաստանը Եվրասիական միության միակ անդամն է, որ ընդհանուր սահման ունի Իրանի 80 միլիոնանոց շուկայի հետ։ Գուցե Հայաստանը դարպաս լինի այլ երկրների համար, որոնք կցանկանան աշխատել Իրանի հետ և այդ նպատակով ներդրումներ կանեն այստեղ: Միգուցե հակառակը՝ Իրանը ցանկանա առևտուր անել Եվրասիական միության հետ, և Հայաստանը լինի այն դուռը, որ կբացի ճանապարհը Իրանի համար: Այնպես որ պետք է սպասենք և տեսնենք, թե բոլոր այս հնարավորությունները ինչ զարգացում են ունենալու 2016-ին», - ասել է ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար։

Բեյլիին նաև տեղեկացրել է, որ Հայաստանում 2016-ին 2.2% տնտեսական աճի մասին իր կանխատեսումը Համաշխարհային բանկը դեռ չի վերանայի:

Հունվարի 16-ին չեղարկվել են 2005-ից ի վեր Իրանի դեմ գործող միջազգային պատժամիջոցները: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Եվրամիության արտաքին գործերի ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտնել է, որ համապատասխան կարգադրություն է արվել նաև ԵՄ-ում:

Պատժամիջոցները չեղարկվեցին ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի հրապարակումից հետո, որով հաստատվեց, որ Իրանը լիովին կատարում է «վեցյակի» հետ համաձայնության շրջանակում ստանձնած պարտավորությունները:

Կարդացեք նաև՝ Հայաստանը ողջունում է Իրանի դեմ գործող պատժամիջոցների չեղարկումը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---