ՄԱԿ ԱԽ-ում Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության հրետակոծման հարցն է բարձրացվել

ՄԱԿ ԱԽ-ում  Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության հրետակոծման հարցն է բարձրացվել

PanARMENIAN.Net - Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից 1994-ին կնքված զինադադարի անտեսման և խախտման դեպքերի արդյունքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունն առերեսվում է անվտանգությանն ուղղված լրջագույն մարտահրավերներին: Այդ մասին հունվարի 19-ին հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) «Քաղաքացիական բնակչության պաշտպանություն» խորագրով բաց քննարկմանը:

Դեսպանը նշել է, որ աճում են Լեռնային Ղարաբաղի հետ շփման և Հայաստանի հետ սահմանային գծով խաղաղ բնակչության հրետակոծումները. դրանք հասել են աննախադեպ չափերի` կիրառվում է խոշոր տրամաչափի և ծանր հրետանի, խլելով սահմանային գյուղերի բնակիչների կյանքը: Միայն 2015-ի սեպտեմբերին ադրբեջանական կողմի կրակոցներից զոհվել է երեք կին։

Մնացականյանը շեշտել է, որ Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից զինադադարի միտումնավոր և նպատակային խախտումները, զուգորդված ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքների խաթարմամբ, արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ: Ուստի, Հայաստանը կրկին անգամ կոչ է անում Ադրբեջանին հետամուտ լինել միջազգային հանրության կոչերին` ձևավորել զինադադարի խախտման դեպքերը քննող մեխանիզմ և ետ քաշել դիպուկահարներին: Այլապես, այն ստանձնում է բռնության և լարվածության աճի ամբողջ պատասխանատվությունը, նշել է ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Դեսպանը նշել է, որ Հայաստանը կիսում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մտահոգությունը` քաղաքացիական բնակչության պաշտպանության խնդրում, որի արդիականությունը հակամարտությունների գոտիներում չի նվազել: Կարևորելով ՄԱԿ-ի մասնակցությունը քաղաքացիական բնակչության դեմ ֆիզիկական բռնության կանխարգելման, պաշտպանության և մարտավարության մշակման ոլորտներում՝ Հայաստանի դեսպանը ասել է.

«Կազմակերպության հեղինակությունը պետք է գնահատվի ոչ թե հնչեցված` դատապարտման խոսքերով, այլ խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված շոշափելի գործություններով: Այս իմաստով հարկավոր է առանձնահատուկ ընդգծել ՄԱԿ-ի և տարածաշրջանային կազմակերպությունների դաշտային առաքելությունների դերը` տեղերում իրավիճակի գնահատման հարցում, ընդունելով, որ կանխարգելումը` քաղաքացիական բնակչության պաշտպանության լավագույն միջոցն է: Ավելին, հակամարտության գոտում քաղաքացիական բնակչության պաշտպանությունն ուղղակիորեն կապված է զանգվածային ոճրագործությունների և ցեղասպանություն հանցատեսակի հետ»:

Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.):

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել էր երեք կին, ևս չորս գյուղացի վիրավորվել էին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---