ՎԶԵԲ-ը $40 մլն-ի ներդրում է կատարում՝ գնելով «Ամերիաբանկի» բաժնետոմսերի մոտ 20%-ը

ՎԶԵԲ-ը $40 մլն-ի ներդրում է կատարում՝ գնելով «Ամերիաբանկի» բաժնետոմսերի մոտ 20%-ը

PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) $40 մլն-ի ներդրում է կատարում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռքբերման նպատակով: Սա բաժնետոմսերի ձեռքբերման խոշորագույն գործարքն է, որը ՎԶԵԲ-ը մինչև օրս կնքել է տարածաշրջանում:

Հունվարի 21-ին Ամերիաբանկի և ՎԶԵԲ-ի միջև պայմանագրերի կնքման արարողությունն էր:

Առաջին փուլում ՎԶԵԲ-ը ձեռք կբերի բաժնետոմսերի մոտ 20%-ը` $30 մլն-ով: Մնացած $10 մլն-ը կօգտագործվի կապիտալի հետագա ավելացման համար:

Ներդրումների նպատակն է ամրապնդել «Ամերիաբանկը» և պատրաստել այն նախնական հրապարակային առաջարդին (IPO) ապագայում: 2016-ին «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդին կմիանա ՎԶԵԲ-ը ներկայացնող անկախ տնօրեն:

Հնարավոր լիստինգից առաջ ՎԶԵԲ-ի ներդրումները կսատարեն «Ամերիաբանկի» աճը՝ տրամադրելով լրացուցիչ ֆինանսական միջոցներ խոշոր կորպորատիվ և մասնավոր հաճախորդների, փոքր և միջին ձեռնարկությունների և մանրածախ հաճախորդների վարկավորման համար: Տնտեսության իրական հատվածի վարկավորման աճը կնպաստի Հայաստանի տնտեսական աճի ամրապնդմանը: Գործարքը նոր հնարավորություններ կընձեռի հետագա վարկավորման համար, ինչպես նաև տեղական շուկայում միաձուլումների և ձեռքբերումների հնարավոր գործարքներին մասնակցելու համար:

«Մենք բարձր ենք գնահատում ՎԶԵԲ-ի հետ գործակցության այս նոր մակարդակը: Սա մեծ աջակցություն է «Ամերիաբանկին»՝ կապիտալի համաշխարհային շուկաների ուղղությամբ շարժվելու առումով՝ համահունչ մեր ռազմավարական նպատակներին և ձգտումներին: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը կնպաստեն Հայաստանի բանկային հատվածի և մեր երկրի տնտեսության աճին», - ասաց «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը:

Նա շեշտեց, որ «Ամերիաբանկը» կայուն աճ է գրանցել տարիների ընթացքում: Բանկի ակտիվները գերազանցում են $1 միլիարդը, ինչը, ըստ բանկի Տնօրենների խորհրդի նախագահի, պատմական երևույթ է անկախ Հայաստանի բանկային պատմության մեջ:

Ինչպես նշեց ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Նիք Թեսեյմանը նշեց, որ գործարքը թույլ կտա վերակազմավորելՀՀ ամբողջ բանկային համակարգը։

Նրա խոսքով՝ ՎԶԵԲ-ի ներդրումները կխթանեն բանկի աճը՝ խոշոր կորպորատիվ և մասնավոր հաճախորդներին, փոքր և միջին ձեռնարկություններին վարկավորման համար լրացուցիչ միջոցների տրամադրման շնորհիվ:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսն ասաց, որ դիտում են այս հնարավորությունը որպես ևս մեկ քայլ տեղական բանկային հատվածի ամրապնդման ուղղությամբ:

«Ուրախ ենք, որ «Ամերիաբանկը» բաժնետեր է դառնում: Ֆինանսական հասանելիության բարելավումը կարևորագույն գործոն է, որը հնարավորություն կընձեռի տեղական ընկերություններին օգտագործել իրենց ներուժը: Որպես բաժնետեր՝ ՎԶԵԲ-ը կաջակցի «Ամերիաբանկի» զարգացմանը՝ շեշտը դնելով մասնավորապես կորպորատիվ կառավարման վրա», - նշեց Դեյվիսը:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նկատեց, որ այսօր Հայաստանը բավական լուրջ բիզնես տարածք է ներդրումների համար:

«Այն իրավիճակը, որ այսօր տիրում է հայկական ֆինանսական շուկաներում, տնտեսությունում, բավականին մատչելի է ներդրումների համար», - ասաց նա՝ վստահություն հայտնելով, որ գործարքը դրականորեն կանդրադառնա ՀՀ բանկային սեկտորի վրա:

1992-ից ՀՀ-ում իր գործունեության մեկնարկից ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան €1 մլրդ 148 ծրագրում՝ ֆինանսական և կորպորատիվ հատվածներում, ինչպես նաև Հհ ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում: Ներդրումների 88%-ն արվել է մասնավոր հատվածում:

Որպես շուկայում իր ակտիվներով, տրամադրվող վարկերի ծավալով, պարտավորություններով և ավանդներով առաջատար՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն մատուցում է համալիր կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ: Արժանանալով բազմաթիվ միջազգային պարգևների, այդ թվում՝ Euromoney, Global Finance և he Banker/FT հեղինակավոր ամսագրերի մրցանակների՝ Ամերիաբանկը շարունակում է ներդրումներ իրականացնել արդի տեխնոլոգիաների ներդրման և հաճախորդների սպասարկման որակի շարունակական կատարելագործման ուղղությամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---