Արեւմուտքը կփորձի ազդել Հայաստանի ընտրությունների գործընթացի եւ արդյունքների վրա

PanARMENIAN.Net - Արեւմուտքը, անկասկած, կփորձի ազդել Հայաստանի ընտրությունների գործընթացի եւ արդյունքների վրա, սակայն շատ բան կախված կլինի այն բանից, թե որքան երկար եւ ինչպես կզարգանա ռուս-վրացական դիմակայությունը: Այդ մասին «Նովոե Ռուսկոե Սլովո» նյու-յորքյան թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Հայերի Միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը: Նրա խոսքերով, չնայած Արեւմուտքի տնտեսական եւ ռազմական գրավչությանը, Ռուսաստանը Կովկասում ավելի շատ դաշնակիցներ ունի, եւ Հայաստանում` հատկապես: «Պատահական չէ, որ Հայաստանի բոլոր ազդեցիկ քաղաքական գործիչները հանդես են գալիս Ռուսաստանի հետ սերտ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների պահպանման օգտին: Դա, առաջին հերթին, վերաբերվում է երկրի առաջին դեմքերին` նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին, որը, ի դեպ, նաեւ զբաղեցնում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահի պաշտոնը»,- ընդգծել է ՌՀՄ նախագահը:



Միեւնույն ժամանակ, նա հաստատել է, որ նա շատ մտերիմ եւ բարի հարաբերությունների մեջ է հանրապետականների ղեկավարների հետ: «Սերժ Սարգսյանին ես գնահատում եմ որպես հայոց բանակի արդյունավետ ղեկավարի, որպես պրոֆեսոինալ քաղաքական գործչի, ես հավանում եմ նրա գործնական որակները: Սակայն որոշումն այն մասին, թե ում աջակցել ընտրություններին, ամենայն հավանականությամբ, կընդունենք հունվարին` Ռուսաստանի Հայերի Միության մեծ խորհրդի ժամանակ, երբ կծանոթանանք առաջատար կուսակցությունների նախընտրական ծրագրերին, կգնահատենք նրանց կողմից առաջ քաշված գերակայությունները եւ հասունացած խնդիրները լուծելու միջոցները»,- ասել է Աբրահամյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---