22 հունվարի 2016 - 10:53 AMT
«Դոլմամա» ռեստորանը և Աբովյան-Պուշկին-Սախարով եռանկյունու շենքերը՝ քանդման վտանգի տակ

Մայրաքաղաքի ռեստորաններից «Դոլմամա»-ն քանդվելու է: Դեռ 2013-ի Կառավարության որոշմամբ՝ Աբովյան-Պուշկին-Սախարով եռանկյունու տարածքը ճանաչվել էր բացառիկ գերակա հանրային շահ:

Ըստ «Դոլմամա» ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանի՝ կորցնելու է 18 տարվա իրաշխատանքը:

«Վնասը միայն ինձ չէ հասցվում, ցանկություն կա ամբողջ փողոցը քանդելու: Այստեղ մի քանի շենք կա, որոնք 19-րդ դարի են, հրշեջների շենքը՝ 20-րդ»,- ասել է Ավանյանը, գրում է «Ա1+»-ը:

Տարածքի ձեռքբերողը Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դեվելոփերս» ընկերությունն է:

Ավանյանն առաջարկում է «Հին Երևան» նախագիծը իրագործել հենց Պուշկին փողոցի վրա, «որը վերականգնելով ստանում էին այն, ինչ ուզում էին»:

Աբովյան-Պուշկին-Սախարով հրապարակի եռանկյունին պահպանելու համար 80 տուրօպերատոր դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

«Ուզում ենք մի փոքր հատված պահպանվի, որը կարելի է ցույց տալ զբոսաշրջիկին, խնդիրը միայն դա է: Չի կարելի ամեն ինչը օտարել և անունը դնել պետական գերակա շահ: Օտարում են՝ մի մասնավորից տալիս են մեկ ուրիշ մասնավորի»,- ասել է «Արենի» փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանը:

Իսկ «Արմենիա Թրեվլ» տուրիստական գործակալության նախագահ Մարինա Կպրյանն ավելացրել է, որ բոլոր զբոսաշրջիկները հետաքրքրված են հին Երևանով:

«Այսօր նորակառույց շենքերով տուրիստներին չես զարմացնի»:

ՀՀ կառավարության 2007-ի հունվարի 25-ի 108 N որաշմամբ` Արամի 30 շենքի հարևանությամբ գտնվող մի շարք այլ շինությունների զբաղեցրած հողամասերը ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ: 2016-ի հունվարին Արամի 30 շենքը քանդվել է: Ականատեսների վկայությամբ, շենքի քանդման հիմնական աշխատանքները կատարվել են գիշերային ժամերին:

Հասարակական պայքարը Արամի 30-ի պահպանման համար սկսվել էր ավելի քան հինգ տարի առաջ: Սակայն այն դադարել էր, երբ տարածքի քաղաքաշինական ծրագրի նախագծող Աշոտ Ալեքսանյանը քաղաքացիներին վստահեցրել էր, որ Արամի 30-ի առնվազն ֆասադային հատվածը հնարավոր կլիներ պահպանել։

Քաղաքապետարանը շենքի ավերումը բացատրում է Արամի և Աբովյան փողոցների քննարկվող հատվածների մայթերը ընդլայնելու նպատակով: