22 հունվարի 2016 - 11:43 AMT
Իսմայիլովան ընդունել է ՄԻԵԴ-ում իր շահերը պաշտպանելու Ամալ Քլունիի առաջարկը

Ադրբեջանական բանտում գտնվող հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան ընդունել է հանրահայտ իրավապաշտպան Ամալ Քլունիի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) որպես իր պաշտպան հանդես գալու առաջարկը։ Իր հայտարարությունում Խադիջա Իսմայիլովան ողջունել է Քլունիի «համարձակությունը», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 7,5 տարվա ազատազրկման է դատապարտել «Ազատություն» ռադիոկայանի ադրեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային՝ զրպարտության, հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրական գործունեության և իշխանության չարաշահման մեղադրանքներով:

Հունվարի 18-ին փաստաբան Ամալ Քլունին ամերիկյան NBC հեռուստաընկերության եթերում պատրաստակամություն էր հայտնել Եվրոպական դատարանում պաշտպանել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող, 7.5 տարվա ազատազրկման դատապարտված Խադիջա Իսմայիլովայի իրավունքները: Ամալ Քլունին հատուկ ընդգծել է փաստը, որ Իսմայիլովայի ննջարանում թաքնված տեսախցիկ էին տեղադրել, հետո հրապարակել լուսանկարներ: «Նա համարձակ կին է և հիմա, ցավոք, ճաղերի հետևում է», - ասել էր Քլունին:

Իսմայիլովան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող բիզնեսների վերաբերյալ հետաքննություններ է անցկացրել և գրել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կոռումպացված լինելու մասին:

Քլունիի պատրաստակամությունը ողջունել է նաև «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը։ Մամուլի խոսնակ Ջոանա Լևիսոնը տարածած հայտարարությամբ ընդգծել է այն փաստը, որ Իսմայիլովային պաշտպանելու՝ Քլունիի պատրաստակամությունը ցույց է տալիս, թե ինչպիսի մեծ նշանակություն ունի Խադիջայի ազատությունը մարդու իրավունքների և մամուլի ազատության համար ամբողջ աշխարհում:

Ամալ Քլունիին «հայուհի» հռչակած Ադրբեջանում այս առնչությամբ բուռն քննարկումներ են ընթանում. ադրբեջանական հանրության մի հատվածը պնդում է, թե փաստաբանը, ով իբր «հայտնի է իր թուրքաֆոբ հայացքներով», Խադիջայի գործում ներգրավվում է հայկական լոբբիի ջանքերով։

Իսմայիլովայի պաշտպան Ֆարիզ Նամազլին հայտարարել է, որ իր պաշտպանյալը համաձայնել է ընդունել Քլունիի առաջարկը՝ նրա խիզախության համար, որը իրավաբանը դրսևորել էր՝ պաշտպանելով 2014 թվականին «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության լրագրող Մուհամմադ Ֆագմիին, երբ նա Եգիպոսում բանտարկված էր։

Ամալ Քլունիի նախկին պաշտպանյալների թվում են եղել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, որին դատապարտել էին նախագահ Յանուկովիչի օրոք: Նա նաև մեղադրող կողմի անդամ էր Լիբանանի հարցով ՄԱԿ Հատուկ տրիբունալում և Հարավսլավիայի հարցով Միջազգային տրիբունալում: Ամալ Քլունին եղել է ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի խորհրդականը 2012-2013 թթ. Սիրիայում նրա առաքելության ժամանակ:2015-ին փաստաբաններ Ամալ Քլունին և Ջեֆրի Ռոբերթսոնը պաշտպանում էին հայկական կողմի շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավարության ժամանակ:

Ի պատասխան ադրբեջանական իշխանամետ մամուլի պնդումներին, թե լիբանանցի Ամալ Քլունին հայկական ծագում ունի, Իսմայիլովան, իր պաշտպանյալի փոխանցմամբ, հայտարարել է.- «Ինձ համար կարևոր չէ մարդու ազգային պատկանելությունը, քանի որ նորմալ մարդիկ երբեք չեն հարցնում ազգային պատկանելության մասին»։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը ևս ցանկություն է հայտնել Իսմայիլովայի գործով ստրասբուրգյան դատարանում հանդես գալ որպես երրորդ կողմ: Մուժնիեկսը նշել է, որ իրավապաշտպանների վիճակն Ադրբեջանում շատ մտահոգիչ է: Ադրբեջանը չի կատարում քաղաքացիների ազատությունները պաշտպանելու իր հանձնառությունը: