22 հունվարի 2016 - 12:07 AMT
Հայաստանը մտադիր է մասնակցել Արկտիկայում ՌԴ ԶՈւ օդադեսանտային ուժերի վարժանքներին

Հայաստանը, Բելառուսը և Ղազախստանը ցանկություն են հայտնել մասնակցելու Ռուսաստանի օդադեսանտային ուժերի՝ Արկտիկայում անցկացվելիք վարժանքներին: Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի զինված ուժերի օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովը, հայտնում է razm.info-ն ՌԻԱ Նովոստիի վրա հղումով:

Ռուսաստանի զինված ուժերի օդադեսանտային զորքերի հրամանատարը նշել է, որ վարժանքներին մասնակցելու համար իրենք պատրաստ են դիմումներ ընդունել տարբեր երկրներից, սակայն, առայժմ հետաքրքրություն են ցուցաբերել միայն Հայաստանը, Բելառուսը և Ղազախստանը:

Արկտիկայում զորավարժություն անցկացնելու մասին ռուսաստանյան կողմը հայտնել էր դեռևս 2015-ի նոյեմբերին` նշելով, որ վարժանքները նախատեսված է անցկացնել 2016-ի առաջին կեսին:

Հունվարի 11-ին, հայտարարվել էր, որ ՌԴ ԶՈւ օդադեսանտային զորքերը և ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ ստորաբաժանումներն այս տարի ապրիլին դեսանտավորման վարժանքներ են անցկացնելու Արկտիկայում: