Պերմյակովի դատը կրկին հետաձգվել է. Հաջորդ նիստը՝ հունվարի 29-ին

Պերմյակովի դատը կրկին  հետաձգվել է. Հաջորդ նիստը՝ հունվարի 29-ին

PanARMENIAN.Net - Ռուսական ռազմաբազայում տեղակայված Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը հետաձգվել է, քանի որ հունվարի 22-ի նիստում ցուցմունք տվող վկաների ինքնազգացողությունը պարբերաբար վատանում էր:

Հաջորդ նիստը կկայանա հունվարի 29-ին, գրում է Panorama.am-ը:

Հունվարի 22-ին ընթանում էր Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով երրորդ արտագնա դատական նիստը, որի ընթացքում դատախազը կարդացել է մեղադրական եզրակացությունը, որից հետո դատավորը հարցրել է ամբաստանյալ Վալերի Պերմյակովին, թե հասկանալի՞ է մեղադրանքի էությունը, բովանդակությունը, որին վերջինս դրական պատասխան է տվել, գրում է Tert.am-ը:

«Դուք ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք» դատավորի հարցին Պերմյակովը կրկին դրական է պատասխանել:

Իսկ հարցին, թե կոնկրետ ինչո՞ւմ է իրեն մեղավոր ճանաչում, նա պատասխանել է. «ամեն ինչում»:

Դրանից առաջ տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչները միջնորդություն են ներկայացրել. ՌԴ համապատասխան մարմիններից պահանջել և քրեական գործին կցել այն փաստաթղթերը, որոնք միջնորդվել էին դատական քննությունը սկսելուց առաջ:

Տուժող կոզմի իրավահաջորդների փաստաբան Լուսինե Սահակյանը նշել է, որ քրեական գործի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ քննչական գործողություններ են կատարվել, սակայն հայտնի չէ, թե կոնկրետ ինչ քրեական գործողություններ:

«Ամբողջ քրեական գործը պետք է կցվի այս քրեական գործին և ոչ թե ընտրողաբար, որպեսզի ուսումնասիրեք, թե ինչ հանգամանքներ են ստիպել, որ Պերմյակովը զենքը վերցրած՝ դուրս գա»,- ասել է գործում ներգրավված իրավապաշտպանը:

Դատավորը միջնորդության քննության լուծումը հետաձգել է, ինչը առաջացրել է իրավահաջորդների դժգոհությունը:

«Բոլոր կողմերն ասում եք պահանջեք, դուք ասում եք՝ ոչ, երկարաձգում ենք: Ես չեմ հասկանում՝ դուք ում շահն եք փորձում պաշտպանել», - ասել է Սահակյանը:

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները նաև միջնորդություն են ներկայացրել, որ դատաքննության ժամանակ վկաների կողմից տրված ցուցմունքները ուղիղ եթերով չհրապարակվեն, այսինքն՝ պատկերը կարող է մնալ, ձայնը՝ ոչ:

Այս միջնորդությունը հիմնավորվել է նրանով, որ այն անձինք, որոնք դեռևս քրեական գործի շրջանակում պետք է ցուցմունք տան, հնարավորություն չունենան տեղեկանալու, թե ինչ փաստական հանգամանքների մասին է խոսվել:

Միջնորդությունը ոչ ոք չի առարկել, այդ թվում նաև՝ Պերմյակովը, և դատավորը բավարարել է այն. դատական նիստի ուղիղ եթերի ձայնը անջատվել է:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Քրեական գործով իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2015-ի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը կատարվել է ՀՀ Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից, որը զուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը։ Վալերի Պերմյակովը արդեն դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ զենքով դասալքության, զենք և զինամթերք գողանալու և դրա անօրինական ձեռքբերման, փոխանցման, պահպանման, տեղափոխության և կրման հանցագործությունների համար նախատեսված ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածով: Դատապարտյալը պատիժը կկրի խիստ ռեժիմով գաղութում: Այսպիսի դատավճիռ է կայացրել Հայաստանում տեղակայված Ռուսաստանի 5-րդ կայազորային զինդատարանը օգոստոսի 12-ի նիստում:

Ավետիսյանների սպանության գործով նախորդ երկու նիստը կայացել են հունվարի 18-ին և 2015-ի դեկտեմբերի 18-ին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---