Քերի. ՌԴ դեմ պատժամիջոցները հնարավոր է չեղարկել առաջիկա ամիսներին

Քերի. ՌԴ դեմ պատժամիջոցները հնարավոր է չեղարկել առաջիկա ամիսներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին գտնում է, որ առաջիկա ամիսներին հնարավոր է կատարել Մինսկի համաձայնություններն ու մոտենալ այն եզրագծին, երբ հնարավոր կլինի չեղարկել Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները:

«Այս շաբաթվա սկզբին Դավոսում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը և ես հանդիպեցինք Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ` աջակցելու համար Մինսկի պայմանավորվածությունների լիարժեք իրագործումը: Ես վստահ եմ, որ երկու կողմերի ջանքերի և հարցը օրինական ճանապարհով լուծելու ձգտման շնորհիվ առաջիկա ամիսներին հնարավոր կլինի կատարել Մինսկի համաձայնություններն ու մոտենալ այն եզրագծին, երբ ՌԴ դեմ պատժամիջոցները կարող են հանվել»,-ասել է Քերին` ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ-ն, Եվրամիությունը և մի շարք այլ պետություններ 2014-ի մարտից մի քանի անգամ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ: Սահմանափակումներն այն ռուսական ընկերությունների համար են, որոնք գործում են հիմնականում էներգետիկ, ֆինանսական և պաշտպանության ոլորտներում: Պատժամիջոցներ են սահմանված նաև ՌԴ առանձին անձանց դեմ: Մոսկվան բազմիցս է ժխտել Մինսկի պայմանավորվածությունների խախտումը: ՌԴ իշխանությունները հերքել են Դոնբասում կամավորականներին աջակցելու փաստերը, այդ թվում սպառազինության առաքումն ու զինծառայողների մասնակցությունը: Մոսկվան նաև հայտարարում է, որ 2014-ի հանրաքվեն օրինական էր, որի արդյունքում էլ Ղրիմն ու Սևաստոպոլը միացան Ռուսաստանին:

Ուկրաինայի իշխանությունները ռազմական գործողություններ են վարում ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների դեմ: Ըստ ՄԱԿ վերջին տվյալների, հակամարտությանն արդեն զոհ է գնացել ավելի քան 9 հազար մարդ: Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցը քննարկվում է նաև Մինսկում շփման խմբի հանդիպումներում, որը 2014-ի սեպտեմբերից ի վեր արդեն 3 փաստաթուղթ է ընդունել, որոնք կանոնակարգում են հակամարտության լարվածության մեղմացմանն ուղղված քայլերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---