ՍԱՊԾ. ՀՀ-ն շարունակում է ՌԴ արտահանումը, տնտեսական վնաս չկա

ՍԱՊԾ. ՀՀ-ն շարունակում է ՌԴ արտահանումը, տնտեսական վնաս չկա

PanARMENIAN.Net - ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հայաստանում դաբաղ հիվանդության տարածմանը և դրա հետևանքով ՌԴ-ի կողմից Հայաստանից արտահանվող մսամթերքի վրա ժամանակավոր արգելք դնելուն, հայտնել է, որ օդակաթիլային ճանապարհով հիվանդությունը Հայաստան է ներթափանցել Թուրքիայից, սակայն գրանցվել է դաբաղի մեկ դեպք՝ Արմավիրի մարզի Արազափ համայնքում:

Հունվարի 22-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանն արգելել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների, այդ թվում՝ մսի, կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան։Գյուղատնտեսական վերահսկողական ծառայության՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի ժամանակավոր սահմանափակումը գործում է հունվարի 20-ից: Ներմուծման արգելքը հիմնականում վերաբերում է անասնապահական ապրանքներին, կենդանիներին, որոնք կարող են վարակվել դաբաղով. արգելվում է խոզի, ոչխարի, այծի, ցուլի, գոմեշի, տավարի մսի, ինչպես նաև կաթից ստացված մթերքների ներմուծումը, որոնք դաբաղի վիրուսը ոչնչացնող բարձր աստիճանի ջերմային մշակում չեն անցել։

Ռուսաստանը արգելել է նաև Հայաստանից բրդի, կաշիների, մորթիների, խոզանակի մազի ներմուծումը, որոնք նույնպես վիրուսը ոչնչացնող երաշխավորված մշակումներ չեն անցել։ Ռոսսելխոզնադզոր»-ի փաստաթղթում նշված է, որ այդ ապրանքները Ռուսաստանի տարածքով տարանցիկ տեղափոխելը ևս արգելվում է։

«Մեկ տնտեսության մեջ գրանցվել է երկու հիվանդ խոզի և մեկ խոշոր եղջերավոր անասունի հիվանդացության դեպք: Բոլոր կենդանիները ոչնչացվել են և համապատասխան ձևով թաղվել: Սա դաբաղի նոր տեսակ է, և հիվանդությունը գրանցվելուց հետո մեր լաբորատորիայում իրականացված հետազոտությունից հետո նմուշառումն ուղարկել ենք ՌԴ-ի կենդանիների առողջության գիտահեազոտական ինստիտուտ, որպեսզի հասկանանք, թե այդ նո՞ր տիպն է, թե՞ առավել հայտնի տիպը: Պատասխանը ստացել ենք հունվարի 14-ին, որով հաստատվել է, որ հարուցիչը հիվանդության նոր տեսակն է», - պարզաբանել է Մկրտչյանը, գրում է Tert.am-ը:

Նա նաև նշել է, որ հիվանդության առկայության մասին չեն թաքցրել, ավելին` գյուղնախարար Սերգո Կարապետյանը հարցին անդրադարձել է կառավարության նիստին և տեղեկացրել՝ նոր տեսակի վակցինայի ձեռք բերման անհրաժեշտության մասին: Ինչպես նաև անձամբ են նմուշառումն ուղարկել ՌԴ փորձաքննության, հակառակ դեպքում չէին ուղարկի:

Մկրտչյանի խոսքով՝ Հայաստանում այսօր չկա դաբաղով հիվանդ կենդանի, մսամթերքն ու կաթնամթերքն անվտանգ են օգտագործելու համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ինչ վերաբերում է ՌԴ-ի կողմից Հայաստանից ներմուծվող կաթնամթերքի և մսամթերքի արգելքին, ապա ՍԱՊԾ պաշտոնյան նշել է, որ այն տարածվում է միայն ՌԴ կենդանիների մուտքի վրա, ինչպես նաև այդ կենդանիներից ստացված գենետիկական նյութը, միսը և ենթամթերքը:

«Այն էլ այն ենթամթերքը, որը չի անցել այնպիսի մշակում, որը կարող է բացառել վիրուսի առկայությունը, կամ կաթնամթերքը, որը չի անցել ջերմային մշակում: Նաև արգելվել է կենդանական ծագման հումքի արտահանումը՝ կաշի, աղվամազ և այլն: Այս պահի դրությամբ ամսի 20-ին և 21-ին համապատասխանաբար 4-5 մեքենա պանիր է արտահանվել Ռուսաստան: Այն, ինչ մենք մինչ օրս արտահանում էինք ՌԴ, շարունակելու ենք արտահանել: Այն մթերքները, որոնք արգելվել են, ես մինչ օրս չեմ տեսել, որ արտահանվեն: Այսինքն՝ մեզ տնտեսական վնաս չի հասցվել», - ասել է նա:

ՍԱՊԾ պաշտոնյան միաժամանակ նշել է, որ տարածված լուրերից երկու երկիր, որոնց անունները հրաժարվեց հրապարակել, հունվարի 22-ին հրաժարվել են ընդունել հայկական ապրանքները:

Դաբաղը ինֆեկցիոն հիվանդություն է, որով կարող են վարակվել խոշոր եղջերավոր անասունները, նաև խոզերը, այծերը, ոչխարները, այլ կենդանիներ։

Մարդկանց վարակվելու հիմնական վտանգը հիվանդ կենդանիների կաթի և կաթնամթերքի օգտագործումն է, հիվանդությունը, ոչ հաճախակի դեպքերում, կարող է մարդուն անցնել նաև այդ կենդանիների միսը օգտագործելու միջոցով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---