18 նոյեմբերի 2002 - 22:51 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼԱՑՈՒՄԻՑ
«Եթե Թուրքիայի նոր կառավարությունը որոշի նորմալացնել Հայաստանի հետ հարաբերություններն, ապա այն ստիպված կլինի հրաժարական տալ, քանի որ «թուրքերը չեն կարող հավատ ընծայել իրենց կառավարությանը, որը բարեկամություն է անում հայերի հետ»: Այդ մասին Բաքվի «525» թերթին է հայտարարել Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Զելիմխան Մամեդլին: Նրա կարծիքով, վերջերս Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Արդարության եւ զարգացում» կուսակցության շարքերում կան «բավականին պրագմատիկ քաղաքական գործիչներ»: «Մուսավաթ» կուսակցության վարչության անդամ Խիքմեթ Հաջիզադեն նույնպես անհիմն է համարել նոր թուրքական կառավարության կողմից Հայաստանի հետ սահմանի հնարավոր բացման մասին ենթադրությունները, քանի որ «վերջինս վարում է հակաթուրքական քաղաքականություն: Նրա խոսքերով, «Թուրքիայում նոր ուժերի իշխանության գալը կանդրադառնա տարածաշրջանի իրադրության վրա, եւ ադրբեջանցի քաղաքական գործիչները մտահոգություն են հայտնում այդ առնչությամբ, սակայն, քիչ հավանական է, որ Թուրքիան սկսի համագործակցել Հայաստանի հետ` ի վնաս Ադրբեջանի»: