Նորք Մարաշի հանցախմբի անդամներից 5-ի խափանման միջոցը փոխվել է (թարմացված)

Նորք Մարաշի հանցախմբի անդամներից 5-ի   խափանման միջոցը փոխվել է  (թարմացված)

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբավորման անդամներից մեկը՝ Լիլիթ Թորոսյանը, ազատ է արձակվել: Այս մասին տեղեկացրել է Թորոսյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը:

«Կալանքը որպես խափանման միջոցը փոխվել է: Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին», - ասել է Հակոբյանը, գրում է Tert.am-ը:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հանցախմբի գործով կալանավորված 22-ամյա Նելլի Մինասյանը նույնպես ազատ է արձակվել: Այս մասին տեղեկացրել է նրա պաշտպան Գիվի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հունվարի 25-ին ազատ են արձակել նաև Սրբուհի Այվազյանը, Հայկ և Հրանտ Վարդանյանները, նրանց խափանման միջոց կալանքը նույնպես փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ, հաղորդում է«Ազատություն» ռադիոկայանը:

2015-ի նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ մարմինների օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ ուներ ՀՀ տարածքում մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպել:

Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամ, որոնք ձերբակալվել են:

Ըստ ԱԱԾ մամուլի ծառայության հաղորդագրությանը, իրացնելով օպերատիվ տվյալները, որ 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայում բնակվող և 2015-ի ապրիլից Երևանում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015-ի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր գործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացու, որից 5-ը՝ Երևանի բնակիչներ, 7-ը՝ Շիրակի մարզի, 3-ը՝ Արմավիրի մարզի, 2-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Կոտայքի մարզի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի և 1-ը՝ Սյունիքի մարզի բնակիչներ, այդ թվում՝ 4-ը կանայք են և 3-ը՝ Արցախի ազատամարտի մասնակիցներ։

Դեկտեմբերի 19-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ(1992-1999) Վահան Գրիգորի Շիրխանյանը: Նա կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր գործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օռենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:

2016-ի հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող Նորք-Մարաշի հանցախմբի գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով, 14.01.2016 թ-ին ձերբակալվել են՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանըև «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը, որոնք կասկածվում են՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---