Թուրքական կազմակերպությունները մտադիր են բողոքի նամակ հղել Սիլվեստր Ստալոնեին

PanARMENIAN.Net - Թուրքական կազմակերպությունները մտադիր են բողոքի էլեկտրոնային նամակներ հղել ամերիկյան հայտնի դերասան Սիլվեստր Ստալոնեին, որը ծրագրում է էկրանավորել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը: Թուրքական «Միլիեթը» հաղորդում է, որ այսպես կոչված «Հայոց ցեղասպանության պնդումների դեմ պայքարի ասոցիացիայի» նախագահ Սավաշ Էղիլմեզը հայտարարել է, թե «ֆիլմերը հաճախ օգտագործվում են քարոզչական նպատակներով, իսկ հայերն, այս անգամ նույնպես ցանկանում են օգտվել քարոզչական այդ հնարավորությունից: «Ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելն, որը ծագումով հրեա է, գրել է այս վեպը 1933 թվականին: Վեպը լի է ստերով, քանի որ հեղինակն այն գրել է ամենաազգայնամոլ ու ծայրահեղական հայերի հետ զրույցների հիման վրա»,- պնդում է Էղիլմեզը: Նրա խոսքերով, «պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել մինչեւ ֆիլմի նկարահանումը, քանի որ դրանից հետո գործն ավելի կբարդանա»: «Մենք ֆիլմի պրոդյուսերներին արդեն ուղարկել ենք համապատասխան փաստաթղթեր այդ շրջանի իրադարձությունների մասին: Մեր հայրենակիցներն էլ կօգնեն մեզ` թույլ չտալու համար պրոդյուսերներին գնալ նման քայլի»,- նշել է նա:



Հիշեցնենք, որ Սիլվեստր Ստալոնեն հայտարարել է 1915 թվականի Մուսա լեռան հերոսական պաշտպանության մասին ֆիլմ նկարահանելու մտադրության մասին` «Մուսա լեռան 40 օրը» վեպի հիման վրա: Ընդ որում, նա հայտարարել է, որ Անկարան արդեն 85 տարի է, ինչ վարում է Հայոց ցեղասպանությունը ժխտելու քաղաքականություն, հաղորդում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---