26 հունվարի 2016 - 12:30 AMT
ԳՆ-ն հորդորում է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել սածիլները ցրտահարությունից պաշտպանելու համար

Համաձայն «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տեղեկատվության` առաջիկա օրերի ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում: Հունվարի 27-ի գիշերը լեռնային տարածաշրջաններում կանխատեսվում է -20-25°C, Արարատյան հարթավայրում` -12 -15°C, հունվարի 28-ի գիշերը` լեռնային տարածաշրջաններում մինչև – 30°C, Արարատյան հարթավայրում` – 15 – 1° ցուրտ:

Նկատի ունենալով վերոհիշյալը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է բոլոր ջերմոցատերերին ու գյուղացիական տնտեսություններին նշված օրերին ցուցաբերել առավել մեծ զգուշություն ջերմատներում և սինթետիկ թաղանթների տակ մշակվող գյուղատնտեսական մշակաբույսերն ու սածիլները, պահեստներում, նկուղներում, մառաններում պահպանվող կարտոֆիլի տնկանյութը, բանջարեղեններն ու պտուղները ցրտահարությունից պաշտպանելու համար:

Խորհուրդ է տրվում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել անհրաժեշտության դեպքում այլընտրանքային ջեռուցման կազմակերպման համար:

Հանրապետության տարածքում հունվարի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 26-28-ին կնվազի 13-15 աստիճանով, 29-30-ին կբարձրանա 4-6 աստիճանով: