Լավրով. Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ «Լավրովի փաստաթուղթ» գոյություն չունի

Լավրով. Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ «Լավրովի փաստաթուղթ» գոյություն չունի

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների մասին որևէ նոր փաստաթղթի ընդունման նախաձեռնությամբ հանդես չի եկել: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2015-ի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում:

«Ոչ մի`«Լավրովի», կամ որևէ այլ, «փաստաթուղթ» գոյություն չունի»,-ասել է Լավրովը` պատասխանելով ղարաբաղյան կարգավորման խաղաղ բանակցություններում «Լավրովի փաստաթղթի կամ Լավրովի առաջարկության մասին» հաղորդագրությունները մեկնաբանելու խնդրանքին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նախարարը նշել է, որ ղարաբաղյան կարգավորման շրջանակում մի քանի փաստաթուղթ գոյություն ունի: «Կա մի քանի փաստաթուղթ, մոտ 5` 4, 5, կամ գուցե, 6, որոնք համանախագահները պատրաստել են բանակցությունների տարբեր փուլերում, երբ խոսք է գնացել որպես առաջին քայլ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ձևակերպման մասին, հետո արդեն այդ սկզբունքների հիման վրա խաղաղ պայմանագիր պատրաստելու ակնկալիքով` որն արդեն կունենար ոչ թե քաղաքական բնույթ, այլ իրավաբանորեն պարտավորեցնող կլիներ»,-պարզաբանել է Լավրովը:

«Այդ փաստաթղթի տարբերակները համանախագահները ներկայացրել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին: Եվ այդ փաստաթղթերն այդ կարգավիճակով գտնվում են այդ կազմակերպության պահոցներում: Դրանք են միակ թղթերը, որոնք կարելի է փաստթուղթ համարել»,-հավելել է նա:

Նախարարը հիշեցրել է, որ վերջերս, հակամարտության կարգավորման գործընթացում որոշ դադարից հետո, կողմերը վերսկսել են «հանգուցալուծումների որոնմանն ուղղված» դիվանագիտական շփումները:

«Այդպիսի հանգուցալուծումների որոնումն այժմ ընթանում է գաղափարների մակարդակով, բարձրաձայն մտորումների մակարդակով: Տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ իմ հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ: Մենք այդ ամենը քննարկում ենք ԱՄՆ-ից և Ֆրանսիայից համանախագահների հետ: Ոչ մի փաստաթուղթ, բացի նրանցից, որոնք ներկայացվել են ԵԱՀԿ-ին, գոյություն չունի: Մնացյալ ամեն ինչը` որոնում է, փնտրտուք»,-ասել է Լավրովը:

Շվեյցարիայի Բեռն քաղաքում դեկտեմբերի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած գագաթնաժողովից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրիոյը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) համատեղ հայտարարություն են տարածել: Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպումը հնարավորություն է ընձեռել նախագահներին հստակեցնելու իրենց դիրքորոշումը առանձնազրույց տեսքով հանդիպման ժամանակ: Սարգսյանի և Ալիևի առանձնազրույցը անցել է փակ դռների հետևում։ Առանձնազրույցից հետո ներս հրավիրեցին համանախագահներին և արտգործնախարարներին: Այդ ձևաչափով հանդիպումը տևել է մոտ 40 րոպե:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---