Վեդու ջրամբարի ֆինանսավորման համար €75 մլն-ի համաձայնագիրը ստորագրվել է

Վեդու ջրամբարի ֆինանսավորման համար €75 մլն-ի համաձայնագիրը ստորագրվել է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Զարգացման ֆրանսիական գործակալության Ասիայի գծով վարչության փոխտնօրեն Ժան-Կլոդ Պիրեսը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպենտիեն վարկային համաձայնագիր են ստորագրել:

Ելնելով ՀՀ՝ 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրից և ՀՀ կառավարության` 2014-2017թթ. գործունեության ծրագրից` Զարգացման ֆրանսիական գործակալությունը, Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով, Հայաստանին կտրամադրի €75 մլն-ի վարկ՝ 20 տարի մարման ժամկետով, որից 6-ն` արտոնյալ:

«Համաձայնագրի ստորագրումը մեր երկրի գյուղատնտեսության զարգացմանն ուղղված լրջագույն քայլ է, որը կխթանի նաև բնակչության զբաղվածությունը»,-նկատել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ առաջիկայում անհրաժեշտ է Ֆրանսիայի հետ գործակցության նոր ուղիներ մշակել:

«Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա մեղմել սակավաջրությունը Արարատյան դաշտավայրում, ինչպես նաև՝ մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի, ինչն, իր հերթին, կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայողության»,- իր հերթին նշել է Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպենտիեն:

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 26-ի նիստում հավանություն է տվել համաձայնագրի կնքմանը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել է, որ Կառավարությունը ջրամբարաշինությունը հայտարարել է գերակա ուղղություն և հանձնարարել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ տեխնիկական աշխատանքներն արագ կազմակերպել՝ փետրվար-մարտ ամիսներին շինարարությունն սկսելու համար:

2016-ին նախատեսվում է Վեդի գետի վրա կառուցել 20 մլն խմ ընդհանուր ծավալով, 70 մ պատվարի բարձրությամբ ջրամբար: Այն հնարավորություն կտա մոտ 2744 հա հողատարածքի ոռոգումն իրականացնել ինքնահոս եղանակով` ներկայիս մեխանիկականի փոխարեն: Արդյունքում մի շարք ջրհան կայաններ կհանվեն շահագործումից, ինչը կնպաստի նաև համակարգի առավել արդյունավետ գործունեությանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---