2007 թվականից Ադրբեջանում կդադարեցվի ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը

PanARMENIAN.Net - 2007 թվականի հունվարից Ադրբեջանում կդադարեցվի ռուսական «Առաջին ալիք» եւ «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքների հեռարձակումը, գրում է «Կոմերսանտ» թերթը: Նման որոշման մասին հաղորդել է Ադրբեջանի Հեռուստառադիոհեռարձակման ազգային խորհրդի (ՀՌԱԽ) նախագահ Նուշիրավան Մագերամլին: Նրա խոսքերով, Ադրբեջանի տարածքում երկու ռուսական եւ երկու մասնավոր թուրքական ալիքների հեռարձակումը դադարեցնելու մասին հարցը կքննարկվի նոր տարվա առաջին օրերին: Ինչպես հաղորդում է Լենտա-ռու-ն, Մագերամլին այնուամենայնիվ հավաստիացրել է, որ 2007 թվականից ի վեր Ադրբեջանի բնակիչները կկարողանան դիտել Առաջին ալիքը եւ «ՌՏՌ-Պլանետան» արբանյակային կամ կաբելային հեռուստատեսությամբ: Նա նաեւ բացատրել է, որ ռուսական ալիքների հեռարձակման դադարեցումը կապված է ադրբեջանական հեռուստատեսության զարգացումը խթանելու ցանկության հետ: Մինչդեռ, նշում է պարբերականը, ադրբեջանական իշխանությունների նման որոշման պատճառ կարող էր հանդիսանալ ռուսական հեռուստակայանների տեղեկատվական քաղաքականությունը, մասնավորապես, իրադարձությունների լուսաբանումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ինչպես հիշեցնում է «Կոմերսանտը», ՀՌԱԽ-ը հաճախ գործում է ելնելով երկրի բարձրագույն ղեկավարության ցանկություններից եւ հաճախ անկանխատեսելի է` մեկ որոշումներ կայացնելով, մեկ չեղյալ հայտարարելով դրանք:



Այդպես, սկզբում ադրբեջանական պաշտոնյաները որոշեցին 2007 թվականի հունվարի 1-ից դադարեցնել «Ազատություն» եւ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների հեռարձակումը, իսկ երկու շաբաթ առաջ այդ որոշումը չեղյալ հայտարարվեց: Նոյեմբերին «կոպիտ խախտումների» պատճառով փակվել էին NS հեռուստաալիքը եւ ANS CM ռադիոկայանները, իսկ 18 օր անց խորհուրդը «մտափոխվեց» եւ նրանք կրկին աշխատեցին: Ռուսական ալիքների մենեջերները կարող էին միայն տարակուսանք հայտնել Մագերամլիի հայտարարության կապակցությամբ: Թերթի աղբյուրը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությունում պատմել է, որ ադրբեջանական կողմի հետ բոլոր պայմանագրերը կնքված են եւ պատշաճ ձեւով ձեւակերպված: «Կարելի է միայն ենթադրել, թե որտեղից այս ամենը հանկարծ հայտնվեց»,-եզրափակել է «Կոմերսանտի» զրուցակիցը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---